Երբ ընդդիմությունը ոչ թե կոնստրուկտիվ ընդդիմություն է, այլ ամեն ինչ հերքող և թշնամաբար վերաբերվող, այն ժողովրդի կողմից լուրջ վերաբերմունքի չի արժանանա: Այս մասին այսօր` փետրվարի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը։

Նրա խոսքով՝ դրա ապացույցը տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրություններն են, որոնց արդյունքում ընդդիմադիր ուժերը քիչ ձայներ հավաքեցին։

«Այս ուժերը և' Վանաձորում, և' Գյումրիում շատ քիչ մասի ձայները ստացան: Ես կարծում եմ, սա որոշակի լակմուսի թուղթ է, որ ասում է, որ մեր ժողովուրդը գնահատում է առողջ խոսքը, գործելակերպը և երկրի կայունությունը»,– ասաց նա։

Անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի քաղաքականությամբ զբաղվելուն՝ Մինասյանն ասաց, որ իր համար դա անակնկալ է եղել։

«Ես մի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ Սեյրան Օհանյանն ինձ վրա թողել էր չափավոր, պարկեշտ, գործունյա մարդու տպավորություն, իմ մտքով չէր անցնում, որ նա կարող է մի քանի օրվա ընթացքում 180 աստիճանով փոխվել և դառնալ սուր ընդգծված արմատական ընդդիմադիր, բայց երևի այդպես էլ է լինում»,– ասաց Մինասյանը:

Խոսելով նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանի մասին, Մկրտիչ Մինասյանը կարծիք հայտնեց, որ նա չափավոր մարդ է եւ ծայրահեղությունների չի գնա։

«Կարծում եմ, նա ավելի չափավոր մարդ է և ծայրահեղությունների չի գնա, իսկ եթե ծայրահեղությունների չգնաց, ընդդիմության շարքերում նա որոշակի դերակատարում կունենա. սա իմ անձնական կարծիքն է»,– ասաց նա։