Վրաստանում 2-3 ամսվա ընթացքում բենզինի գինն աճել է համարյա 1 լարիով, ինչի պատճառով բարձրացել է նաեւ տաքսիների սպասարկման գինը, հաղորդում է Jnews.ge-ն:

Տաքսու վարորդները բողոքում են բենզինի թանկացումից, իսկ բնակիչները՝ տաքսիների: Իսկ վարորդներն արդարանում են, եթե չթանկացնեն, ապա շահույթ չեն ունենա: 

Ախալքալաքի  բենզալցակայաններում նույնպես դիզվառելիքի գներն աճել են: Մասնավորապես, «Ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրը ներկայումս վաճառվում է 1,95-2,05 լարիով (362-380 դրամ) այն դեպքում, երբ 2016 թ. դեկտեմբերին այն տատանվում էր 1,15-1,20-ի (214-223 դրամ) սահմաններում:

Ախալքալաքի մեջ տաքսու ծառայությունը թանկացել է 1 լարիով, դառնալով 3 լարի (560 դրամ):

«Համարյա մարդ չի նստում: Ճիշտ է՝ 1 լարի ենք ընդամենը քաղաքում թանկացրել, բայց դա մարդկանց համար մեծ փող է: Ոչ-ոքի չես կարող մեղադրել, բայց մեքենան էլ ջրով չի աշխատում: Բենզինը, որ թանկանում է, բնական է տաքսիների գներն էլ են բարձրանում»,- ասել է տաքսու վարորդ Արթուր Կարապետյանը, ով ամեն օր ուղեւորների է սպասում Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հարեւանությամբ:

 Նշենք, որ Երեւանում եւս բենզինը գներն աճել են, եթե 2 շաբաթ առաջ «Ռեգուլյար» տեսակի բենզինն արժեր 330 դրամ, ապա այսօր արդեն՝ 360 դրամ: