Փաստաբանների պալատի խորհրդի ընտրությունները ակտիվ են անցնում:
NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, թե արդեն քվեարկել են Փաստաբանների պալատի նախկին եւ գործող նախագահները:
Փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը եւս խորհրդի անդամի թեկնածու է: Վերջինս հրաժարվեց այսօր խոսել ընտրություններից եւ իր հասցեին գործող նախագահ Արա Զոհրաբյանի ու նրա կողմնակիցների մեղադրանքներից: «Միանգամից ասեմ, որ այսօր Փաստաբանների պալատի խորհրդի անդամների հերթական ընտրությունն է: Ինձ համար լռության օր է, որպեսզի որեւէ խոսք չդիտվի քարոզչություն կամ հակաքարոզչություն, ինչը հնարավոր է, ճիշտ կլինի, որ այսօր լռեմ, իսկ վաղը, խնդրեմ, ձեր տրամադրության տակ եմ»:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն էլ պնդում է, որ Պալատի հասցեին հնչած մեղադրանքներն իրականությանը չեն համապատասխանում: Նա թեեւ սկզբում հայտարարեց, թե չի ցանկանում շատ փակագծեր բացել, քանի որ այսօր լռության օր է, սակայն «չկարողացավ» զսպել խոսելու գայթակղությունը. «Փաստաբանների պալատի հասցեին հնչած մեղադրանքների մասով մենք բազմիցս արձագանքել ենք, դրանք իրականությանը չեն համապատասխանում, մասնավորապես հաստիքացուցակի հետ կապված նշվել է արդեն, որ մինչեւ 2012թ.-ն առանց Հանրային պաշտպանի գրասենյակի՝ եղել է 23 հաստիք, իսկ 2016թ.-ին ուռճացվել է եւ դարձել 24 հաստիք: Իհարկե, քննադատությունները պետք է հարգել, որովհետեւ յուրաքանչյուր փաստաբան կարող է իր կարծիքը պնդել, յուրաքանչյուր թեկնածուի կարծիքը պետք է հաշվի առնել ի գիտություն եւ եթե իրոք կան թերություններ, դրանք շտկել: Որեւէ կառույց չի կարող անթերի աշխատել, ինքս էլ շատ թերություններ ունեմ եւ շատ լավ է, որ թեկնածուները կարող են դրանք նշել»,- ասաց նա:
Անդրադառնալով Պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանի թեկնածությանը, Արա Զոհրաբյանը կրկին հիշեց՝ այսօր լռության օր է եւ ինքը չէր ցանկանա հակաքարոզչություն անել. «Անկախ նրանից՝ ով կընտրվի, եթե նույնիսկ ընտրվեն միանման քարոզչություն անող անձինք, ես ձեզ վստահեցնում եմ, որ սկսելու են իրար մեջ վիճել: Երկու փաստաբան արդեն իսկ կոնֆլիկտ է: 2013թ.-ին ընտրվել են միանման տեսակետներով մարդիկ, այդ թվում նաեւ ես, կարելի է ասել՝ համակիրներով, բայց կարճ ժամանակահատվածում մեր տարբեր տեսակետների ուժով սկսեցինք հակադարձել միմյանց: Եթե նույնիսկ իրար հետ են նախաձեռնում փաստաբանները, գործի մեջ փոխվում է արդեն: Մեր փաստաբանները սիրում են կռիվ անել, ամեն ինչ աղմուկով անել»:
Նշենք, որ Փաստաբանների պալատն այսօր ընտրում է խորհուրդ: Խորհրդի անդամ լինելու համար 39 փաստաբան է թեկնածությունն առաջադրել: Թեկնածուները պայքարելու են խորհրդի 12 տեղի համար:




























