Միսսուրի գետի ափին՝ ԱՄՆ համանուն նահանգում կիրակի օրը ոստիկանությունը հայտնաբերել է տեղի «Կու-Կլուս-Կլան»-ի կառույցի առաջնորդ 51-ամյա Ֆրենկ Անկոնայի մարմինը։ Այս մասին հաղորդում է Fox News-ը։

Տղամարդու ընտանիքը վերջինիս անհետացման մասին հայտնել է երեք օր առաջ։ Նշվում է, որ ոստիկանությունն Անկոնայի մահվան հանգամանքները կասկածելի է համարում եւ հայտնաբերել է արդեն տվյալ գործով մեկ վկայի։ Մահվան հստակ պատճառը կհայտարարվի  փորձաքննությունից հետո։

Անկոնան իրեն Միսսուրիի «Կու-Կլուս-Կլան»-ի առաջնորդ էր անվանում։ Կազմակերպությունն ակտիվ մասնակցություն է ցուցաբերել 2014-ին Ֆերգյուսոնում տեղի ունեցած անկարգություններին։ Այդ օրերին ոստիկանության կողմից հանդես եկող «Կու-Կլուս-Կլան»-ը հանրահավաքները դադարեցնելու կոչով թռուցիկներ էր տարածում։ Մասնավորապես Անկոնային վերագրվել են հաշվեհարդարի սպառնալիքներ «Անոնիմուս» խմբի անդամների հասցեին, որոնք պաշտպանում էին ցուցարարներին։