Ադրբեջանցի գործընկերների հետ հանդիպումների հնարավորությունն ավելի ու ավելի է նվազում, եւ դա ոչ մի կերպ երկխոսության օգտին չէ։ Այս մասին փետրվարի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։
Նրա խոսքով՝ ադրբեջանցիները ներկա են եղել Կովկասի ինստիտուտի 15 տարի կազմակերպած ամենամյա բոլոր համաժողովներին, բացի վերջին երկուսից։ «Նրանք գալիս էին, աշխատում եւ տուն էին վերադառնում։ Գործնականում նրանք բոլորը հիմա կամ բանտում են, կամ իրենց երկրի սահմաններից դուրս։ Այժմ ես, դժբախտաբար, Ադրբեջանի վերաբերյալ մասնագետների պետք է փնտրեմ Ադրբեջանից դուրս։ Վերջին անգամ ադրբեջանցի մասնագետների հետ ես հանդիպել եմ եւ ելույթ ունեցել դեկտեմբերին Շվեդիայում։ Ես այդ հնարավորությունները նաեւ այսուհետ կօգտագործեմ, սակայն դրանք ավելի ու ավելի են նվազում։ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ իրական աշխատանք է անհրաժեշտ, սակայն նրանց այդպիսի հնարավորություն չեն տալիս»,-ասել է Իսկանդարյանը։



























