Պետական եկամուտների կոմիտեն մաքսային ընթացակարգերի ավտոմատացման եւ դյուրինացման նպատակով փետրվարի 13-ից գործարկել է մաքսային մուտքի անդորրագրի համակարգը:
ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ «ՀՀ արտաքին առեւտրի ազգային մեկ պատուհան» պորտալի շրջանակներում ներդրված համակարգը թույլ կտա ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների ներմուծումը հաշվառելու եւ անհրաժեշտության դեպքում առաջացած պարտավորությունները վճարելու համար նախկինում կիրառվող ապրանքի հայտարարագրի ներկայացման փոխարեն կիրառել ավելի պարզ մեխանիզմ։
Այսուհետ ֆիզիկական անձը կարող է ներկայացնել ուղեւորային հայտարարագիր, որի հիման վրա մաքսային աշխատակիցը կհաշվառի եւ կհայտնի մաքսային վճարների առկայության ու չափի մասին։ «Ընթացակարգերը պարզեցվել են ավելի քան 5 անգամ. եթե նախկինում ֆիզիկական անձը պարտավոր էր 54 դաշտից բաղկացած բեռնամաքսային հայտարարագիր լրացնել, որը նախատեսված է խոշոր բիզնեսի համար, ապա այսուհետ՝ ընդամենը 11 դաշտից բաղկացած մուտքի անդորրագիր: Այսինքն՝ ֆիզանձը տարանջատվել է կազմակերպությունից»,-նշել է ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը: Մաքսային ձեւակերպումների նկատելի պարզեցումը հանգեցնում է նաեւ ժամանակի ու միջոցների տնտեսմանը:
«Եթե նախկինում ապրանքների հայտարարագիր ներկայացնելիս քաղաքացիները հաճախ ստիպված էին լինում դիմել մաքսային միջնորդներին եւ վճարել մատուցվող ծառայությունների դիմաց, ապա այժմ այդ գործընթացն իրականացնելու է մաքսային մարմինն՝ առանց լրացուցիչ վճար գանձելու: Մաքսային տեսուչները նախապես ծանոթացել են ծրագրին դասընթացի միջոցով»,-նկատել է «Զվարթնոց» տարածաշրջանային մաքսատան ուղեւորների մաքսային հսկողության բաժնի պետ Անդրանիկ Զաքարյանը:
Նոր համակարգի միջոցով է իրականացվում նաեւ Հայաստանի Հանրապետություն ժամանակավոր ներմուծվող եւ վերաարտահանվող մարդատար տրանսպորտային միջոցների հաշվառումը։ Պարզեցված մեխանիզմի կիրառման շնորհիվ ժամանակ խնայելուց բացի դուրս է եկել տրանսպորտային միջոցի վերաարտահանման ժամանակ նոր փաստաթուղթ ներկայացնելու պահանջը, փոխարենը ներմուծման փաստաթղթում նշում է կատարվում տրանսպորտային միջոցի՝ ՀՀ մաքսային սահմաններից դուրս գալու վերաբերյալ։ Արդյունքում արագ սահմանահատում կապահովվի սահմանային անցումային կետում:
ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանի դիտարկմամբ, կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումների շրջանակում կոմիտեն շարունակելու է կատարելագործել հարկային եւ մաքսային գործընթացները՝ հիմքում դնելով թափանցիկությունը, դյուրինությունն ու ժամանակի տնտեսումը:


























