Ամերիկայի հայդատի հանձնախմբի նախագահ (ANCA) Րաֆֆի Համբարյանը վերջերս աշխատանքային հանդիպում է ունեցել ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսի հետ:

Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են նաեւ ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագիրը:

Այսպիսի երկկողմ հարկային համաձայնագիրը կրկնակի հարկ վճարելու սպառնալիքի վերացման հաշվին կնպաստեր ներդրումների աճին: Համաձայնագիրը ANCA-ի առաջնահերթություններից մեկն է՝ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ֆինանսավորման հետ միասին:

ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեն, որի անդամ է սենատոր Մենենդեսը, պատասխանատու է բոլոր համաձայնագրերի, այդ թվում՝ Հայաստանի հետ ապագա հարկային համաձայնագրի վավերացման համար:

Րաֆֆի Համբարյանը նշել է, որ ANCA-ն անհամբերությամբ է սպասում այն օրվան, երբ սենատոր Մենենդեսը եւ Կոմիտեում նրա գործընկերները հնարավորություն կունենան ավելի ամրապնդել Հայաստանի հետ Ամերիկայի համագործակցությունը՝ վավերացնելով այս ուշացած երկկողմ համաձայնագիրը:

Կրկնակի հարկման հարցերը կարգավորող համաձայնագիրը ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի միջեւ կնքվել է 1973 թվականին: Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ կրկնակի հարկման մասին համաձայնագրի բացակայությունը իրավական անորոշություն է ստեղծում, որը զսպում է ամերիկացի պոտենցիալ ներդրողներին եւ կասեցնում է ներդրումային հոսքերը: