ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Գերմանիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԳԴՀ տրանսպորտի եւ թվային ենթակառուցվածքների Դաշնային պետքարտուղար Նորբերթ Բարթլեին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ճանապարհաշինության, տրանսպորտային ուղեւորափոխադրումների, թվային ենթակառուցվածքների ոլորտներին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է այս ոլորտներում իրականացվող պետական քաղաքականությունը եւ ընթացիկ ծրագրերը: Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ պետական-մասնավոր հատված համագործակցության ձեւաչափով գերմանական փորձի, տեխնիկական ներուժի եւ գերմանական ընկերությունների ներգրավման հարցի շուրջ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ  միասնական տրանսպորտային համակարգ ստեղծելու, կառավարելու եւ շահագործելու գործում գերմանական տրանսպորտային օպերատորների ներգրավման հնարավորությանը:

Քննարկվել են նաեւ թվային ենթակառուցվածքների եւ թվային հավելյալ արժեք ունեցող ծառայությունների եւ բովանդակությանն առնչվող հարցեր:

Ողջունելով հայկական կողմի նախաձեռնությունները՝ Նորբերթ Բարթլեն  հավաստիացրել է, որ իրենց իրավասությունների շրջանակում կնպաստեն երկկողմ համագործակցության ամրապնդմանը եւ զարգացմանը:

Հանդիպման ավարտին նախարար Վահան Մարտիրոսյանը ԳԴՀ տրանսպորտի եւ թվային ենթակառուցվածքների Դաշնային պետքարտուղար Նորբերթ Բարթլեին հրավիրել է Հայաստան, որը  հավանության է արժանացել Ն. Բարթլեի կողմից: