Եվս տասը տարի կպահանջվի Հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարանում» պահվող բոլոր ձեռագրերը, կամ դրանց մեծագույն մասը թվայնացնելու համար։ Այս մասին NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում ասել է «Մատենադարանի» տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղեւոնդյանը։

Մատենադարանում այսօր գործում է թվայնացման բաժին, որը օժտված է  տարբեր սարքավորումներով (այդ թվում մեծ չափերի հատուկ սքաներներով), ու տարեկան թվայնացվում է մոտ 600-700 ձեռագիր։ Զուգահեռաբար իրականացվում է դրանց վերականգնման աշխատանքը։

Նա հավելել է, որ ձեռագրերի թվայնացման աշխատանքները ընդամենը 6-7 տարի է, ինչ ընթանում են, ու այսօր արդեն թվայնացված է մոտ 6000 ձեռագիր, իսկ Մատենադարանում պահվող ձեռագրերի ընդհանուր քանակը ավելի քան 20 000 է։ Այնպես որ այդ աշխատանքները կարող են եւս տասը տարի տեւել։

Ժամանակին թվայնացման շուրջ ծագած վեճերի մասին հարցին ի պատասխան՝ Վահան Տեր- Ղեւոնդյանը նշեց, որ դա հին պատմություն է, ու այդ հարցն արդեն ակտուալ չէ։ Այն ժամանակ խոսքը ոչ թե թվայնացում անել թե չանելու, այլ հեղինակային իրավունքի մասին էր։ Այդ իրավունքը այսօր պատկանում է բացառապես «Մատենադարանին», ու հարցը վերջնականապես լուծված է։

Տնօրենի պաշտոնակատարի խոսքով թվայնացումը երկու ուղղություններով է իրականացվում՝ պլանային թվայնացում ու թվայնացում որեւէ հետազոտողի պատվերով։ Ընդ որում, դեռ չհրատարակված ձեռագրերի բնագրերի թվային տարբերակների հետ գիտնականները կարող են աշխատել միայն ընթերցասրահում։ Ընթերցողները իրենց հետ տանելու համար էլեկտրոնային տեսքով  կարող են պատվիրել եւ ստանալ միայն որոշ հատվածներ, որոնք անհրաժեշտ են իրենց գիտական թեմայի համար։