Մենք ուսումնասիրել ենք 471 ծրագիր, որից 345-ն իրատեսական է, որի ընդհանուր փաթեթը 3,2 միլիարդ ԱՄՆ դոլար է, որից 2017 թ. համար իրատեսական ենք համարում 830-840 միլիոնը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 15-ին, ԵՊՀ-ում կայացած հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով, այդ ծրագրերն ունեն ֆինանսական աղբյուր եւ գործընկեր. ֆինանսավորվելու են տարբեր աղբյուրներից, մասնավորապես՝ ՀՀ պետբյուջեից, համայնքային բյուջեից եւ մասնավոր հատվածից:

«Դա չի նշանակում, որ եթե տարեվերջին 830 միլիոն ԱՄՆ դոլարի հաշվետվություն չտանք՝ թերացել ենք, բայց դա այն ներուժն է, այն հորիզոնը, որը մեր առջեւ դնում ենք: Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ բացի այդ 3,2 միլիարդից, այս պահին կառավարությունում քննարկում ենք եւս 79 ծրագիր՝ 5,3 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում այս հարցին, որովհետեւ տպավորություն կա, որ Հայաստանում փող ներդնելը, փող աշխատելը, շահույթ հետապնդելն անհնար է: Մենք այս պահին հստակ ծրագրերով ցույց ենք տալիս, եւ դուք կարող եք մեր կայքում տեսնել», - նշել է կառավարության ղեկավարը: