Այսօր տրվում է Start up-երի համար նախաձեռնության մեկնարկը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 15-ին, ԵՊՀ-ում կայացած հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Մենք մրցույթ ենք հայտարարելու եւ պատրաստ ենք ֆինանսավորել ԵՊՀ ուսանողների այն բիզնես ծրագրերը, որոնք առաջին երեք տեղին կարժանանան: Նաեւ թիմը համալրելու խնդիր ունենք, ցանկացած նախաձեռնություն ընդունելի կլինի մեր կողմից: Մենք պատրաստ ենք Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում քննարկել մեր երկրի զարգացմանը վերաբերող յուրաքանչյուր գաղափար», - նշել է կառավարության ղեկավարը՝ կոչ անելով ուսանողներին օգտագործել այդ հարթակն իրենց գաղափարները կյանքի կոչելու համար:

Հարցուպատասխանի ընթացքում վարչապետը պատասխանել է ուսանողների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին տարբեր ոլորտներում առկա խնդիրների լուծման ուղղությամբ կառավարության ծրագրերին, պետական համակարգում երիտասարդների ներգրավվածության ավելացմանը, ուսանողական ակտիվության խթանմանը, բուհ-աշխատաշուկա կապի ձեւավորմանը, առաջադիմությամբ պայմանավորված զեղչային համակարգի կիրառմանը, բուհական համակարգի սերնդափոխությանը, երիտասարդ մասնագետներով համալրմանը եւ որակական բարեփոխմանը, գիտության ֆինանսավորմանը, պետական կառավարման ապարատի օպտիմալացմանը, տարածքային համաչափ զարգացմանը, ինչպես նաեւ ներքաղաքական եւ հանրությանը հուզող մի շարք այլ հարցեր: