Բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործը ԱՊՀ տարածքում ստեղծել է վտանգավոր նախադեպ։ Այս մասին գրում է Ռուսաստանի պատգամավոր Կոնստանին Զատուլինը «Ես ամաչում եմ Լուկաշենկոյի ու մեր Դաշնակից պետության փոխարեն» հոդվածում,որը հրապարակվել է «ՄԿ»-ում։

«Նախադեպ, երբ միջպետական ու միջազգային օրակարգի բարդ հարցերը, որոնց լուծման ուղղությամբ, ինչպես ղարաբաղյան հակամարտության դեպքում, տարիներ շարունակ աշխատում են պաշտոնական կողմերն ու միջազգային միջնորդները, իջեցվում են այդ հակամարտությանը ոչ մի անմիջական մասնակցություն չունեցած երրորդ երկրների քաղաքացիներին հետապնդելու մակարդակին։

Ռուսաստանի քաղաքացին, առանց Ռուսաստանի համաձայնության ու հակառակ նրա տեսակետին, մեր հարեւան պետության կողմից արտահանձնվում է մեկ այլ պետության՝ քաղաքական դրդապատճառներով ազատազրկման համար։ Առանձնահատուկ տարակուսանք, եթե չասենք ավելին, առաջացնում է այն փաստը, որ արտահանձնման մասին որոշումը կայացվել է Բելառուսում, որը ՌԴ-ի հետ Դաշնակից պետության, ԵՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի անդամ է, այսինքն ամենասերտ հարաբերություններն ունի։ Ես պատիվ չունեմ ճանաչելու քաղաքացի Լապշինին։ Բայց շատ ցավալի է այն փաստը, որ ադրբեջանական կողմը ընտրել է քաղաքացիական անձի՝ բլոգերի ու լրագրողի հետապնդումը որպես ինքնահաստատման միջոց Լեռնային Ղարաբաղը վերադարձնելու պայքարում։ Նման վրեժխնդրությունը միայն արժեզրկում է Ադրբեջանին այն երկրների հասարակություններում, որոնց հանդեպ նա պետք է որ անտարբեր չլինի։ Եվ ստիպում է մտածել «ազգային ամենակարողության ապացույցների մասին», ինչպիսիք են Հունգարիայից մարդասպան Ռամիլ Սաֆարովին « հետ գնելը», որը գիշերը սպանել էր հայ ծառայակցին ՆԱՏՕ-ի սպայական դասընթացներում ու նրան ազգային հերոսի շարքին դասելը»,- գրում է Զատուլինը։

«Ի՞նչ է ուզում ապացուցել Ադրբեջանը։ Հավելյալ անգամ հաստատե՞լ, որ Լեռնային Ղարաբաղի հայերի համար խելագարություն կլիներ նրա հովանավորության տակ վերադառնալը։ Շատ ավելի խելացի կլիներ ուշադրություն դարձնել հարեւան Թուրքիայի ու Կիպրոսի հանրապետության փորձին, որոնք խրախուսում են 1974-ին կիսված կղզու երկու մասերի փոխադարձ այցելությունները ու ինչպես երբեք մոտ են հակամարտության մասին պայմանավորվածությանը»,- նշում է պատգամավորը։ «Ադրբեջանը, համենայն դեպս, հետեւողական է իր որոշումներում, այդ մասին ես գիտեմ ոչ թե լսելով, այլ արդեն երկար տարիներ գտնվելով այն «սեւ ցուցակում», որտեղ նշվածները մուտք չեն կարող գործել այդ հիասքանչ երկիր։ Այդ ցուցակում են նաեւ Մոնտսերատ Կաբալյեն, Սերգեյ Բութմանը, Լյուբով Կազարնովսկայան ու «չարիքի այլ ծնունդներ»՝ աշխարհի տարբեր երկրներից, որոնք տարբեր տարիների Ղարաբաղ են այցելել՝ չունենալով իրենց ձեռքին որեւէ զենք»։

«Ես ամաչում եմ Ալեքսանդր Լուկաշենկոյի ու մեր Դաշնակից պետության համար։ Եթե այն իհարկե դեռ գոյություն ունի։ Համաձայնեք, որ վերջերս դրանում կարելի է կասկածել՝ մեր դաշնակցի վարքագծի ու Ռուսաստանի մասին նրա դատողությունների ֆոնին, որոնք արվում են ժամանակակից պատմության մեջ մեզ համար ամենադժվար, շրջադարձային պահերին»

«Տա Աստված, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն կարողանա վերադարձնել Ալեքսանդր Լապշինին։ Հակառակ դեպքում, հեռու չէ այն ժամը, երբ մոտ արտերկրերում քաղաքական կամ տնտեսական նկատառումներով օտար քաղաքացիների առեւտրի համաճարակը կանդրադառնա Ռուսաստանի շարքային քաղաքացիների վրա, որոնք ամռանն իրենց համար վերստին բացահայտեցին Ղրիմը»,- ամփոփեց պատգամավորը։