Փետրվարի 18-ին աշխարհում նշում են Ծովային կաթնասունների պաշտպանության օրը կամ Կետերի օրը։ Այս օրը համարվում է ոչ միայն կետերի, այլեւ ծովային բոլոր կենդանիների պաշտպանության օր։

Օրը ստեղծվել է 1986-ին, երբ ուժի մեջ է մտել կետային արդյունաբերության մորատորիումը, որը սահմանել էր Միջազգային կետային հանձնաժողովը, փոխանցում է Calend–ը։ Այդ մորատորիումը առայսօր գործում է ու նշանակում է, որ ամբողջ աշխարհում կետորսը, նաեւ կետերի մսի առքուվաճառքը արգելված է։

Հիմա կետորսը թույլատրված է միայն բնիկների՝ այսպես կոչված աբորիգենների սպառողական պահանջների բավարարման և գիտական նպատակների համար։

Ծովային կաթնասունների՝ հատկապես կետերի 200 տարի շարունակված դաժան ու անխնա ոչնչացումը բացասաբար է ազդել դրանց թվաքանակի վրա, շատ տեսակներ անհետացման շեմին են։ ՄԻնչդեռ կետերի, ինչպես նաեւ մյուս ծովային կենդանիների վերացումը խախտում է ծովային էկոհամակարգի հավասարակշռությունը։