Հայաստանի եւ ԵՄ–ի միջեւ շրջանակային համաձայնագիրը ամրապնդում է Երեւանի եւ Եվրամիության հարաբերությունների ամբողջ սպեկտրը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշել է Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Արտակ Զաքարյանը՝ մեկնաբանելով  Հայաստանի եւ ԵՄ–ի միջեւ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը։

«Փաստաթուղթը դեռեւս ստորագրված չէ, բայց հայտարարված է բանակցությունների փուլի ավարտի մասին, որը կողմերի մեծ աշխատանքի արդյունքն է։ Առաջ անցնելով՝ ես այնուամենայնիվ կնշեմ, որ փաստաթղթում ամբողջությամբ հաշվի են առնված Հայաստանի եւ ԵՄ–ի փոխադարձ շահերը։ Հայաստանի համար շատ կարեւոր է երկրում անցկացվելիք բարեփոխումներին ԵՄ–ի մասնակցությունը, ինչպես նաեւ ԵՄ–ի հետ համագործակցությունը մի շարք տնտեսական խնդիրների լուծման, քաղաքական ու ժողովրդավարական կառույցների զարգացման ու ամրապնդման, ինչպես նաեւ Եվրամիության երկրների հետ համագործակցության  հարցում՝ միակողմանի եւ բազմակողմանի ձեւաչափերով։ Երբ մեզ հնարավորություն ընձեռնվի խոսել արդեն ստորագրված փաստաթղթի պայմաններում, ես վստահ եմ, որ ժամանակի ընթացքում մենք կկարողանանք զգալի հաջողություններ ու ձեռքբերումներ արձանագրել կոնկրետ ոլորտներում։ Այս փաստաթուղթը կդառնա ապացույց այն բանի, որ Հայաստանը արտաքին քաղաքականության մեջ ղեկավարվում է  «եւ...եւ»-ի սկզբունքով եւ լինելով ԵՏՄ լիիրավ անդամ, ունենալով հստակ շահեր ԵՏՄ շրջանակներում՝ մենք զուգահեռաբար ամրապնդում ենք ԵՄ–ի հետ մեր համագործակցությունը, որի իրավական շրջանակները կամրապնդվեն վերոնշյալ փաստաթղթում»,–ասել է Զաքարյանը։

Պատասխանելով հարցին, թե ինչում է տարբերությունը նոր համաձայնագրի եւ ԵՄ–ի հետ ասոցացման հանաձայնագրի միջեւ, որի ստորագրումը ձախողվեց 3 տարի առաջ՝ Զաքարյանն ասել է. «Նոր փաստաթղթի քաղաքական մասում սկզբունքային տարբերություններ չկան։ Ինչ վերաբերում է տնտեսական բաղադրիչներին, ապա այստեղ հաշվի են առնված նաեւ մեր շահերն ու հետաքրքրությունները ԵՏՄ շրջանակներում», - նշել է նա։

Խոսելով այն մասին, թե ինչպես Հայաստանի նման քայլը կարող է ընդունվել ԵՏՄ–ում, քաղաքական իրողությունների դիտարկման տեսանկյունից՝ պատգամավորն ընդգծել է, որ այդ գործընթացը եղել է բաց, գործընկերային մթնոլորտում։. «Մենք թույլ չենք տվել եւ թույլ չենք տա շահերի բախում։ Ինչ վերաբերում է հանրապետության վարած քաղաքականությանը, ապա պետք է նշել, որ Հայաստանը միակ երկիրն է «Արեւելյան գործընկերության» շրջանակներում, որին կարող է հաջողվել հստակ տարանջատել օրակարգերը՝ երկու միությունների հետ համագործակցելու համար՝ որեւէ հակասության մեջ չմտնելով»,–ասել է նա։

 «Մի՛ սպասեք ինձնից, որ ես հիմա ինչ–որ բան կհաստատեմ կամ կբացառեմ։ Իր գործողություններում Հայաստանը ղեկավարվում է բոլոր առկա շահերը հաշվի առնելու սկզբունքով, եւ եթե գլոբալ քաղաքականության մեջ չառաջանա նոր, իրադրությունը փոխող գործընթաց, կարծում եմ, որ մենք արդեն այս տարի կարող ենք խոսել այդ համաձայնագրի ստորագրման մասին։ Այնուամենայնիվ, ես կոչ կանեի առաջ չվազել եւ սպասել իրավիճակի բնականոն զարգացմանը»,–ասել է նա՝ մեկնաբանելով այն հարցը, թե արդյոք հնարավո՞ր է , որ շրջանակային համաձայնագրի ստորագրումը եւս վերջին պահին հետաձգվի։