Sony World Photography Awards 2017 ֆոտոմրցույթի ժյուրիի անդամները հայ լուսանկարիչ Յուլյա Գրիգորյանցի աշխատանքը ներառել են Professional Daily Life կատեգորիայի շորթ–լիստում։
183 երկրներից ավելի քան 227,000 լուսանկարներ են ներկայացվել Sony World Photography Awards 2017 մրցույթին։ Գրիգորյանցը ծնունդով Երեւանից է, ներկայումս բնակվում է Ֆրանսիայում։ Նա թոփ-10-ում ներառված միակ հայ լուսանկարիչն է։
«Դատարկության բնակիչները» լուսանկարների շարքում Գրիգորյանցը ներկայացրել է Գյումրիի բնակիչներին, որն իր աղքատության ցուցանիշով Հայաստանում առաջին տեղում է։
«Ինձ համար մեծ պատիվ է լինել Sony World Photography Award մրցույթի լավագույնների շարքում։ Լուսանկարների իմ շարքն իմ երկրի պատմությունն է, որն անձամբ ինձ է վերաբերում։ Այն, որ ես ներառվել եմ շորթ–լիստում, նշանակում է, որ իմ պատմությունը հուզել է հանդիսատեսին, եւ դա շատ կարեւոր է ինձ համար»,–մեկնաբանելով իր հաջողությունն՝ ասել է Յուլյան։
Հաղթողները կհայտարարվեն ապրիլի 20–ին։ Մրցանակները կներառեն Sony թվային սարքավորման վերջին տարբերակը, ուղեւորություն Լոնդոն եւ 25 հազար դոլար։

































