Associated Television International-ը պատրաստվում է փաստագրական ֆիլմ նկարահանել Հայաստանի մասին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 28-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Ընկերության նախագահ Դեյվիդ ՄըՔենզին:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի միջազգային ճանաչելիության բարձրացմանը, զբոսաշրջային հնարավորությունների ներկայացմանը եւ տուրիզմի խթանմանը վերաբերող հարցեր:

Դեյվիդ ՄըՔենզին նշել է, որ ընկերությունը պատրաստվում է փաստագրական ֆիլմ նկարահանել Հայաստանի մասին, որի նպատակն է Հայաստանը որպես առաջին քրիստոնյա երկիր ավելի ճանաչելի դարձնել աշխարհին, ներկայացնել հայ ժողովրդին, պատմությունը,  մշակույթը եւ մեծացնել զբոսաշրջիկների հետաքրքրությունը մեր երկրի նկատմամբ:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար՝ նշելով, որ կառավարությունը կարեւորում է Հայաստանի զբոսաշրջության գրավչության բարձրացմանն ուղղված քայլերը եւ պատրաստ է քննարկել այդ նպատակին ուղղված առաջարկությունները: