Հայաստանում իշխանությունը զիջելու հարցը պայմանավորված է առաջիկա խորհրդարանական ընտրություններով։ Այս մասին մարտի 1–ին հայտարարել է իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը։ «Եթե ընտրողն ընտրի մեկ այլ քաղաքական ուժի, մենք կզիջենք իշխանությունը, իսկ եթե ժողովուրդը նորից մանդատ տա Հայաստանի հանրապետական կուսակցությանը, մենք  կշարունակենք մնալ իշխանության գլուխ», - ասել է Ավետիսյանը։

Խոսելով ՀՀԿ–ի նախընտրական ցուցակում գործարարներ ներառելու մասին՝ Սուքիաս Ավետիսյանը նշել է, որ դա նորմալ է։ «Հասարակությունը բաղկացած է տարբեր շերտերից, եւ մենք պարտավոր ենք նրանց ներառել մեր ցուցակում։ Մենք չենք ցանկանում անտեսել որեւէ շերտի ներկայացուցչի։ Այս երկրում գործարարները պետք է շատ լինեն, որպեսզի սոցիալական դրությունը բարելավվի», - հավելել է պատգամավորը։