«Հարավկովկասյան երկաթուղիներ» (ՀԿԵՈՒ) ընկերությունը հաջորդ տարի 13 միլիարդ 500 միլիոն դրամի ներդում է կատարելու: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀԿԵՈՒ գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինը՝ ընդգծելով, որ այն առաջին հերթին ուղղվելու է Ֆիոլետովո-Վանաձոր երկաթգծի կառուցմանը:
«Մենք որպես ազգային բեռնափոխադրող եւ սոցիալական պատասխանատվություն զգացող ընկերություն՝ հասկանում ենք, որ երկաթգծի կառուցումը բազմաթիվ ձեռնարկությունների աշխատանքի կհանգեցնի եւ կստեղծի բազմաթիվ նոր աշխատատեղեր Հայաստանում: Այդ պատճառով մեք առավել կարեւորում ենք նոր երկաթգծի կառուցումը»,- ասաց նա՝ նշելով, որ բացի դրանից գումարներ են ուղղվելու նաեւ քանդված եւ թալանված երկաթուղային կայարանների վերականգնմանը: Ըստ նրա այդ նպատակի համար 315 միլիոն դրամ է ուղղվելու:
Շայդուլինը տեղեկացրեց նաեւ, որ այս տարի ներդրումները կկազմեն 13,7 միլիարդ դրամ:
Այդ գումարներն ուղղվելու են ենթակառուցվածքների զարգացմանը, էլեկտրաքարշակների արագության ավելացմանը: Բացի այդ, երկաթուղով երթեւեկությունը տեղերում հասցվել է 100 կմ/ժամի, տեխնիկապես վերազինվել եւ նորոգվել են դեպոները: «Կատարված ներդրումների արդյունքն արդեն տեսանելի է, քանի որ այսօր արդեն հարեւան երկրներից ՀԿԵՈՒ-ին քարշակների ու վագոնների նորոգում են պատվիրում»,- ասաց նա:




























