2016–ին Իտալիայում նորածինների թիվը կազմել է 474 հազար եւ նման կերպ հասել պատմական նվազագույնին՝ 1861–ին միասնական իտալական պետության կազմավորումից ի վեր։ Այս մասին ասվում է երկուշաբթի օրը Վիճակագրության ազգային ինստիտուտի (Istat)՝ ժողովրդագրական խնդիրների վերաբերյալ հրապարակած հաշվետվությունում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Համաձայն այդ փաստաթղթի՝ 2017–ի հունվարի 1–ին Ապենինյան թերակղզում 60 միլիոն 579 հազար մարդ է ապրել։ Իսկ նախորդ տարում երկրի բնակչությունը նվազել է 86 հազարով։
Պաշտոնական վիճակագրությունը հաստատում է ազգաբնակչության ծերացման տենդենցը։ 65 տարեկան եւ ավելի բնակիչների ընդհանուր թիվը կազմել է 13,5 մլն՝ գերազանցելով երկրի բնակչության 22 տոկոսին։
Իտալաիցների միջին տարիքը 44,9–ն է։ Երկրում արձանագրվել է կյանքի տեւողականության մեծացում, որը տղամարդկանց մոտ հասնում է 80,6 տարեկանի, իսկ կանանց մոտ 85,1–ի։
Ժողովդրագրական ցուցանիշը, որը ցույց է տալիս միջինում մեկ իտալուհու «բաժին ընկնող» երեխաների թիվը, նվազում է արդեն 6–րդ տարին անընդմեջ եւ այժմ կազմում է միայն 1,34։ Սա երկու անգամ քիչ է, քան, այսպես կոչված, «բեբի–բում»–ի շրջանում, որը Իտալիայում եղել է վերջին 20 տարում՝ Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո։




























