Նյուրնբերգի խաղալիքների թանգարանի հավաքածուի մեջ գրեթե երկու հազար Բարբի տիկնիկ կա։ Տարիքով ամենամեծ տիկնիկը 1962-ին է արտադրվել, իսկ Քենը, Բարբիի բոյֆրենդը, նույնիսկ ավելի շուտ՝ 1961-ին։ Այն ժամանակվա տիկնիկների ոտքերի մեջ մետաղական ամրաձողեր էին դրվում, բայց հետո դրանցից հրաժարվեցին, քանի որ մետաղի պատճառով պլաստիկի վրա կանաչ հետքեր էին հայտնվում։ Իսկ 85-ից հետո Բարբին սկսեցին պատրաստել ամենատարբեր տեսակի սինթեթիկ նյութերից, գրում է DW–ն։
Մի շարք հին նմուշների վրա արդեն նկատելի են քայքայման նշաններ՝ տիկնիկները գունատվում են, կորցնում նախկին գրավչությունը։ Իսկ եթե պլաստիկի ծերացումը սկսվել է, այդ գործընթացը կանգնեցնելը շատ բարդ կլինի։

Նյուրնբերգի Բարձրագույն տեխնիկական դպրոցի պրոֆեսոր Յենս Պեշը մի խումբ հետազոտողների հե տ միասին պարզել է, որ տիկնիկները պատրաստելիս կիրառվել են տարբեր բաղադրիչներ, դրա համար էլ ծերացումն էլ է տարբեր արագություններով ընթանում։ Գերմանացի գիտնականները արդեն սկսել են փոխել Բարբի տիկնիկների պահպանման կանոնները։ Հիմա նրանց խորհուրդով՝ Նյուրնբերգի թանգարանում տիկնիկները պահվելու են պապիրուսային թղթի մեջ փաթաթված՝ մոտ 18 աստիճան ջերմաստիճանում, չոր, լույսից պաշտպանված սենյակներում, որտեղ թթվածնի ցածր պարունակություն կա։

Շատերը սխալմամբ համարում են, որ Բարբի տիկնիկն առաջին անգամ ստեղծվել է ԱՄՆ-ում, բայց իրականում Բարբիի հայրենիքը Գերմանիան է։ Ընդ որում տիկնիկի նախակերպարը Լիլի անունով մի աղջիկ է եղել՝ գերմանացի նկարիչ Ռայնխարդ Բոյթխինի երեւակայության պտուղը։ Նա ստեղծել է այդ կերպարը 1952-ին։
ՄԻ անգամ թերթի հերթական համարը տպագրատուն ուղարկելիս պարզվել է, որ էջերից մեկում որոշակի ազատ տարածություն է մնում, որը պետք էր ինչ-որ բանով շտապ լրացնել։ Եվ Բոյթխինը նկարել էր մի երկարաոտ գեղեցկուհի՝ մոդելային արտաքինով, նկարի տակ էլ երկիմաստ մեկնաբանություն գրել։ Լիլին միանգամից արժանացել էր ընթերցողների ուշադրությանն ու համակրանքին։ Շուտով որոշվել է Լիլիի արտաքինով տիկնիկ թողարկել։ Ու այն պատվավոր տեղ է զբաղեցրել գերմանական խանութների ցուցափեղկերին։

1959-ին գեղեցկուհի Լիլիին տեսել է խաղալիք արտադրող ամերիկյան ընկերության հիմնադիր Ռութ Հանդլերը, որը շրջագայում էր Եվրոպայում։ Տիկնիկն այնքան էր դուր եկել նրան, որ նա միանգամից գնել էր՝ դստերը նվիրելու համար։ Դուստրն էլ էր հիացել տիկնիկով։ Եվ այդ ժամանակ էլ ծնվել էր Ռութի մտահղացումը՝ արտադրել տիկնիկ , որը նման կլինի իսկական օրիորդի։ Արդյունքում Ռութը գնել էր Լիլիի նկատմամբ բոլոր իրավունքները, բայց փոխել նրա անունը՝ կոչելով Բարբի, իր դստեր՝ Բարբարայի անվան կրճատ փաղաքշական տարբերակով։ Տիկնիկը առաջին անգամ ներկայացվել է American Toy Flair խաղալիքների տոնավաճառում, Նյու Յորքում։ Այն անհավանական հաջողություն էր ունեցել, առաջին իսկ տարվա ընթացքում ամերիկյան շուկայում վաճառվել էր 350 հազար տիկնիկ։ Հենց այդ ժամանակվանից էլ գեղեցկուհին սկսել է իր փառքի ուղին ամբողջ մոլորակում ու իր աստղային կարգավիճակը պահպանում է առայսօր։





























