Չինաստանի մշակած աշխարհում խոշորագույն AG600 երկկենցաղ օդանավը այս տարվա մայիսին կկատարի իր առաջին փորձնական թռիչքը, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Չինաստանի միջազգային ռադիոն:
Առաջին թռիչքը կկատարվի ցամաքից, իսկ տարվա երկրորդ կեսին AG600-ը կփորձարկվի ջրային մակերեւույթի վրա: Գլխավոր նախագծողի տեղակալ Վան Չժենլունը հայտնել է, որ արդեն կատարվել են օդանավի սրահի համակարգերի էլեկտրամատակարարման ինքնավարության փորձարկումները:
AG600 հիդրոօդանավը նախատեսված է քաղաքացիական ավիացիայի կարիքների համար: Այն նախագծված է հատուկ անտառային հրդեհների դեմ պայքարելու եւ փրկարար գործողությունների համար: Սակայն հաղորդվում է, որ օդանավը կարող է օգտագործվել նաեւ ՌՕՈւ-ում պարեկային գործողություններ իրականացնելու համար:
AG600-ի թռիչքային առավելագույն զանգվածը 53,5 տոննա է, կարող է զարգացնել մինչեւ 500 կմ/ժամ արագություն, թռիչքի հեռավորությունը կազմում է մինչեւ 4,5 հազար կմ, թռիչքի առավելագույն տեւողությունը 12 ժամ է: Օդանավի երկարությունը 36,9 մետր է, թեւերի բացվածքը` 38,8 մետր, այն կարող է թռչել եւ վայրէջք կատարել ինչպես սովորական օդանավակայաններում, այնպես էլ ջրի մակերեւույթին:




























