Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը հերթական նիստը կանցկացնի ապրիլի 14-ին Բիշքեկում: Այս մասին որոշումն ընդունվել է այսօր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Խորհրդի նիստում: Այս մասին հայտնել են ԵՏՀ-ի մամուլի ծառայությունից:
ԵՏՀ-ի Խորհուրդը հարցեր է քննարկել՝ կապված մաքսային համագործակցության եւ առեւտրային քաղաքականության հետ: Հատուկ ուշադրություն է դարձվել երրորդ երկրների հետ միջազգային տնտեսական համագործակցության թեմային: Հավանության է արժանացել «2015-2016 թվականների համար Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունների իրականացման մասին» զեկույցի նախագիծը, որը կներկայացվի ԵՏՄ երկրների նախագահներին:
ԵՏՄ երկրների վարչապետները համաձայնեցրել են նաեւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումների նախագծերը 2017-2018 թվականների համար միության երկրների մակրոտնտեսական հիմնական կողմոնորոշիչների մասին եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կանոնակարգում փոփոխություններ մտցնելու մասին: Նախագահների կողմից կանոնակարգում փոփոխությունները հաստատելու դեպքում ԵՏՀ-ի Խորհուրդը մաքսային ոլորտում որոշումներ ընդունելու համար մի շարք նոր լիազորություններով կօժտվի: Ակնկալվում է, որ կընդլայնվի այն զգայուն հարցերի ցանկը, որոնցով ԵՏՀ-ի կոլեգիայի որոշումներն ընդունվում են կոնսենսուսով: Նախագահների կողմից հաստատվելուց հետո կանոնակարգում կատարված փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ԵՏՄ Մաքսային օրենսգրքի հետ միաժամանակ:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի օրակարգ է մտցվել Մոլդովայի նախագահի՝ Միությանը կից Մոլդովային դիտորդ երկրի կարգավիճակ տալու մասին հայտի քննարկման հարցը: Դիտարկվել է Իրանի հետ փոխգործակցության մասին հարցը, որը Բիշքեկի առաջիկա նիստում կքննարկեն ԵՏՄ անդամ երկրների նախագահները:



























