ՄԻԵԴ-ի պահանջով «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի բուժման համար կոնսիլիում է ձեւավորվել: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցւոմ ասաց նրա շահերի պաշտպան Հայարփի Սարգսյանը:

«Մի քիչ առաջ տեղեկացա, որ կոնսիլիում է կազմվել, Հաագայից ներգրավված է նաեւ մեր թեկնածուն՝ Կարինե Բալյանը, մեր մյուս թեկնածուները կառաջադրվեն այն ժամանակ, երբ իմանանք, թե ովքեր են կոնսիլիումի անդամները: Հովհաննեսի հետազոտությունը պետք է սեղմ ժամկետներում կազմակերպվի»,-ասաց նա։

Հայարփի Սարգսյանը նշեց, որ Հովհաննես Հարությունյանն այս պահին գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, չնայած ՄԻԵԴ-ի պահանջի համաձայն՝ ի սկզբանե պետք է բուժօգնություն ցուցաբերվեր, հետո նոր կոնսիլիում կազմվեր:

Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը  ոտքի ծանր վիրավորում էր ստացել ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում:

Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից): Նա կալանավորված է: