Մայիսի 7-ին Հայաստանում կանցկացվի կոնյակի առաջին փառատոնը: Ապրիլի 7-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Կարապետյանը՝ հայտնելով, որ փառատոնը կլինի բացօթյա եւ կանցկացվի Ծաղկաձորում:

Ծրագրվել է այն ամենամյա դարձնել: Մեծ թվով հյուրերի են սպասում Ռուսաստանից: Առաջին՝ 2017-ի փետրվարից Ռուսաստանի քաղաքացիները կարող են Հայաստան մեկնել ներքին անձնագրերով: Երկրորդ՝ այնտեղ հայկական կոնյակին ծանոթ են եւ սիրում են:

Հայաստանի Զարգացման հիմնադրամի տուրիզմի հարցերով տնօրեն Արա Խզմալյանը նշեց, որ ակնկալվում է մոտ 25 հազար մարդու մասնակցություն: «Իհարկե, մենք ոչ միայն ռուսաստանցի, այլեւ այլ երկրներից ենք ցանկանում զբոսաշրջիկների գրավել: Ե՛վ նրանց, ե՛ւ այլ հյուրերի ցանկանում ենք հետաքրքիր ժամանց առաջարկել, այդ թվում՝ այն ամիսներին, որոնք Հայաստանում ոչ տուրիստական սեզոն են համարվում»,- ասաց նա:

Կոնյակի անվան իրավունքի հարցերը քննարկվել են ֆրանսիական կողմի հետ: Գաղափարին իրենք զգուշավոր մոտեցում ունեն, սակայն չեն խոչընդոտել: Հակառակը՝ դեռեւս միայն օգնում են, հավաստիացրին կազմակերպիչները: