ԲՀԿ փոխնախագահ, քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը պնդում է, որ կուսակցությունում դեռ վերջնական որոշում չկա Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու վերաբերյալ։  Նա NEWS.am–ի  հետ  նշել է, որ քաղաքապետի թեկնածուի խնդիր չունեն։

«Այս պահին կոնկրետ բան չեմ կարող ասել, հարցը քննարկվում է»,–ասաց Վարդանյանը։

Անդրադառնալով տարածված տեղեկություններին, որ ԲՀԿ–ն   որոշում է կայացրել  այս անգամ չմասնակցել ընտրություններին, ասաց.«Բայց  ո՞վ է ասում, որ մասնակցում ենք  կամ՝ ոչ, եթե էդ հարցը քննարկման փուլում է եւ դեռ վերջնական որոշում չկա, դեռ երկու օր ունենք, ինչ է եղել»։

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին: Ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ, պետք է ներկայացվեն 2017 թ. մարտի 30-ից մինչեւ ապրիլի 9-ի ժամը 18:00-ն։ Իսկ կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ցուցակների գրանցումը կիրականացվի 2017 թ. ապրիլի 9-14-ին: Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի 2017 թ. ապրիլի 21-ին եւ կշարունակվի մինչեւ մայիսի 12-ը ներառյալ: