Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը չի հավատում, որ սիրիահայերը դժգոհում են սփյուռքի նախարարության կողմից ստացած օժանդակությունից:

Այսօր՝ ապրիլի 20-ին, լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց, որ իր կարծիքով, չկան սիրիահայեր, որոնք կասեն, թե նախարարությունն իրենց չի օգնում:

«Նախարարությունն օգնում է, ինչով կարողանում է»,- ասաց նա:

Անդրադառնալով սիրիահայերի կողմից աշխատանք գտնելու դժվարություններին, Հրանուշ Հակոբյանը պնդեց, որ Հանրապետությունում աշխատանքի պակաս չկա, իսկ սիրիահայերը փնտրում են ավելի բարձր վարձատրվող աշխատանքը, ինչը, բնականաբար, դժվար է գտնել նույնիսկ հայաստանցիների համար. «Բացի դրանից, նրանք սովոր են ընտանեկան, ինքնուրույն բիզնեսին, այդ առումով որոշակի հաջողություններ եւ անհաջողություններ կան, մենք նաեւ ցուցահանդեսներ, հանդիպումներ ենք կազմակերպում նրանց համար, որ կարողանան իրենց արտադրանքն արտահանել»: