Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու մեջ մեղադրվող՝ պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի ղեկավար Մարինե Պապյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Այս մասին NEWS.am-ին ասաց փաստաբան Ռոմիկ Չիբուխչյանը, որը շատ կարճ ժամանակահատված նրա պաշտպանն է եղել:

«Հենց ձերբակալման օրն առերեսում է եղել մի անձնավորության հետ: Նա հայտարարել է, որ Մարինե Պապյանին գումար է տվել: Հենց նրա խոսքերի հիման վրա էլ Մարինեին մեղադրանք են առաջադրել եւ կալանավորել»,- ասաց փաստաբանը:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խարդախությամբ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհների առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակություն կատարելու կասկածանքով ապրիլի 26-ին ձերբակալվել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանը: Ավելի ուշ նրան մեղադրանք է առաջադրվել:

Նշենք, որ այս գործով կա 13 մեղադրյալ՝ Տիգրան Սուքիասյանը, Գեւորգ Ղազարյանը, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, Արմեն Բարեղամյանը, Անահիտ Ավագյանը, Սերգեյ Բալասանյանը,  Դինա Մանուկյանը, Կարեն Ստեփանյանը, Թերեզա Դիլանյանը, Ալեքսանդր Պողոսյանը, ինչպես նաեւ Հրայր Գյոնջյանը, Գարիկ Չիլինգարյանը եւ Գեղամ Պետրոսյանը։ Վերջին երեք անձի՝  Գյոնջյանի, Գարիկ Չիլինգարյանի եւ Գեղամ Պետրոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: