Հայաստանի Փաստաբանական պալատում վաղուց ձեւավորված է շատ անառողջ մթնոլորտ՝ կապված ցանկացած քննադատության բացառման, չենթարկվող փաստաբաններին հետապնդելու, նրանց դեմ հոդվածներ պատվիրելու, զրպարտելու, նրանց նկատմամբ ընտրովի կարգապահական վարույթներ հարուցելու եւ պատասխանատվության ենթարկելու հետ։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը, որի գրասենյակի վրա օրեր առաջ հարձակում էր եղել Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի, ՓՊ նախագահի խորհրդականներ Վրեժ Խաչիկյանի, Գեւորգ Մկրտչյանի եւ փաստաբան Արսեն Հարությունյանի կողմից։
Աթանեսյանի խոսքով, այդ անառողջ մթնոլորտը բերել է անընդունելի մի երեւույթի, որն է ցուցակներով խորհրդի ընտրությունը։ «Դա վկայում է, որ ճնշումներն ու մթնոլորտն այնպիսին են, որ վտանգվել է փաստաբանի ազատ մասնագիտությունը։ Եւ բնական է, որ այդ ճնշումները, հալածանքները, պալատից անընդհատ զգացվող վտանգը մեր մասնագիտությունը լուրջ վտանգի առջեւ է կանգնեցնում։ Այն մարմինը, որը պետք է մեզ պաշտպաներ, դարձել է մեր թիվ մեկ ախոյանը։ Բացի դա, բավական անդուր եւ անլուրջ վիճակ է տիրում սոցիալական ցանցերում՝ պալատի կողմից հանձնարարվող եւ իրականացվող «տրոլինգներ», 20-30 հոգանոց հարձակվող խմբեր պալատին քննադատողների դեմ։ Վախի մի մթնոլորտ է ստեղծվել, եւ անպաշտպանվածության մթնոլորտ է ստեղծվել»,- նշեց Աթանեսյանը։
Խոսելով Փաստաբանական պալատում առկա մյուս թերությունների մասին՝ նա նշեց. «Անհարկի ուռճացված աշխատակազմը, ՓՊ նախագահի բարեկամներին աշխատանքի ընդունելը՝ «կոպիտ ասած» փաստաբանների հաշվին, Հանրային պաշտպանի գրասենյակում 26 հոգի օժանդակ աշխատողներ գրանցելն ու այնտեղից պետության հաշվին աշխատավարձ վճարելը, թե ֆինանսական, թե այլ գործունեության թափանցիկության բացարձակ բացակայությունը, տեղեկատվության չտրամադրումը։ Օրինակ, 2015-16 թվականներին եղել է 225 դիմում կարգապահական վարույթ հարուցելու, եւ միայն 40 դեպքերում են հարուցվել։ Բայց թե ինչու մյուս դեպքերում չեն հարուցվե՞լ, ի՞նչ սկզբունքներով են հարուցվում, տույժեր ընտրվում, հայտնի չեն»։ Աթանեսյանն առանձնակի նշեց Արմեն Սողոմոնյանին արտոնագրցի զրկելու խայտառակ փորձը, որից Արա Զոհրաբյանը ստիպված եղավ հետ կանգնել։
Փաստերը ներկայացնելուց հետո Աթանեսյանը նաեւ ենթադրում է, թե խնդիրներ կլինեն յուրային եւ ոչ յուրային փաստաբանների մասով, խորհուրդ տալու-չտալու մասով։ «Այսպիսի ընդհանուր մթնոլորտ է, որը քննադատել եւ քննադատում ենք։ Եւ սրա վերջին ակորդը եղավ իմ եւ Արմեն Սողոմոնյանի հետ կապված պատահարը։ Եթե դա սովորական կռիվ-ծեծ լիներ, բնականաբար ոչ մեկին հետաքրքիր չէր լինի, եւ առաջին հերթին էլ ես կձգտեի, որ դրա մասին ոչ ոք չիմանար։ Նման բաներ պատահում են մեր երկրում, ոչինչ։ Խնդիրն ուրիշ բանի մեջ է, գալիս եւ հարձակվում են մարդիկ, որոնց ես, կարելի է ասել, չեմ ճանաչում։ Այսինքն, սա նման է «գրոհային ջոկատի», որոնք ՓՊ նախագահի հրահանգով պատրաստ են հարձակվել փաստաբանի վրա, փաստաբանական գրասենյակի վրա»,- արձանագրեց Աթանեսյանը եւ հավելեց. «Փաստաբանական գրասենյակը հատուկ իրավական ռեժիմ ունի, անգամ խուզարկել չի կարելի։ Եթե մարդ փաստաբան է, դրա արժեքը պիտի հասկանա։ Չէ որ իմ մոտ կարող էին հաճախորդներ, փաստաբանական գաղտնիք կա, խնդիրներ կան, եւ այլն։ Նաեւ դա պախարակելու նպատակն ունեին։ Կազմակերպված եւ ինձ անծանոթ մարդիկ գալիս ու հարձակվում են եւ նպատակը չորս հոգով մեկի վրա հարձակվելն էր։ Իմ բախտը բերեց, իրենց բախտը չբերեց, որ մենակ չէի։ Եւ հիմա էլ փորձում են ճշմարտությունից խուսափել, ինչ-որ հեքիաթներ են պատմում»։
Տիգրան Աթանեսյանը վստահ է, որ այստեղ կա պետական որոշակի հովանավորչություն՝ ՓՊ նախագահի կողմից կազմակերպված։ «Չէր որ այդ մարդիկ հիմար չեն, կարող էին հիանալի հասկանալ հետեւանքները։ Ուրեմն երաշխիքներ ունեն, որ ոչ էլ պատժվելու են»,- նշեց Տիգրան Աթանեսյանը։
Նշենք, որ Քննչական կոմիտեում երկու քրգործ է հարուցվել Քր.Օր.-ի 118 հոդվածի (Ծեծ) հատկանիշներով։ Մի գործը հարուցվել է Տիգրան Աթանեսյանի եւ Արմեն Սողոմոնյանի դիմումի հիման վրա, մյուսը՝ նույն հոդվածով, գրասենյակի վրա հարձակված փաստաբանների դիմումի հիման վրա։ Այս կապակցությամբ Տիգրան Աթանեսյանն ասում է. «Մենք անմիջապես ենք զանգահարել ոստիկանություն՝ դեպքից երկու-երեք րոպե անց, երբ կարողացել ենք ուշքի գալ, հասկանալ։ Իրենք դեպքից երկու-երեք ժամ հետո, երբ աղմուկը բարձրացել էր, գանցել-դիմել են Նոր-Նորքի բժշկական կենտրոն (դեպքը Կենտրոնում է եղել, Արշակունյանց 2 հասցեում)։ Թե ոնց են այնտեղ հասել, պարզ չէ։ Ինչու պիտի քշես-հասնես Մասիվ, եթե խնդիրներ ունես։ Իրենցից մեկն էլ իբր ծնոտի կոտրվածք ունի։ Ես չեմ պատկերացնում, թե երեք ժամ ոնց է գտնվել դուրսը, ծնոտի կոտեւրվածքը սարսափելի ցավոտ բան է։ Այսինքն, փորձել են հնարքներ օգտագործել, ստեղծել։ Իրականում իրենց նպատակն այն է, որ այս ամենը ցույց տրվի իբր սովորական, միջանձնային խնդիր»։
Դեպքից հետո ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարեց, թե կարգապահական վարույթ է հարուցել բոլոր վեց փաստաբանների նկատմամբ։ «Այս ամենի ետեւում, իմ համոզմամբ, Արա Զոհրաբյանն է։ Սա նրա պատվերն է։ Նրա աշխատակիցները երկաթյա կարգապահություն ունեն, սարսափում են իրենց ղեկավարից եւ առանց նրա թույլտվության, պատկերավոր ասած, զուգարան էլ չեն գնա։ Սա Արա Զոհրաբյանն է կազմակերպել, եւ մնացած իր ասածները փարիսեցիություն են, որ իրականությունը թաքցնի, ցույց տա, թե վերահսկում է իրավիճակը, եւ ամեն ինչ կարող է խելքի բերել, որ իբր պալատի հարգված նախագահ է։ Նման բան չկա, չենք ընդունում եւ չենք էլ հարգում։ Ցավով եմ ասում, այդպես չպետք է լիներ։ Նա պետք է լիներ արբիտր եւ փաստաբանների կողմից հարգված մարդ։ Նման բան չկա»։
Հարցին, թե որոնք են լինելու իրենց գործողությունները ստեղծված իրավիճակում, Տիգրան Աթանեսյանը պատասխանեց. «Քրեական վարույթ է, հետեւելու ենք քրեական վարույթի օրինականությանը, թույլ չենք տալու, որ այն շեղվի ինչ-որ մի ուղղությամբ։ Եւ շարունակելու ենք մեր պայքարը պալատում խայտառակ երեւույթների դեմ։ Դիմելու ենք դատարան, արդեն ունենք նախապատրաստված երեք հայց պալատի դեմ։ Պահանջելու ենք, որ Արա Զոհրաբյանն ինքն իր դեմ վարույթ հարուցի։ Վճռաբեկ դատարանի նախագահը մի հարցազրույցում նշել էր, թե կոռուպցիան դատական համակարգում փաստաբանների շնորհիվ է, որոնք խաբում են իրենց վստահորդներին։ Արա Զոհրաբյանը հրաժարվեց հերքել այդ հայտարարությունը, մի տեղ էլ ընդունեց՝ բարձր չպահելով փաստաբանության պատիվը։ Մեկ այլ հայցով պահանջելու եմ, որ իմ հարցը քննարկի Ընդհանուր ժողովը, իսկ 2012 թվականից այդ բարձրագույն մարմինը չի գործում։ Եւ երրորդը, քանի որ մենք պարզապես հոգնեցինք, որ նա արդեն ներխուժում է մեր անձնական կյանք, եւ անցել է կոռեկտության բոլոր սահմանները, վիճարկելու ենք իր դիպլոմի օրինականության հարցը։ Պարզել ենք, որ նա սովորելու ընթացքում հասցրել է բանակում ծառայել՝ համատեղելով, ինչն անհնարին է»։ Ըստ Աթանեսյանի, ուղղակի վիրավորական է, եթե պարզվի, որ Փաստաբանական պալատի նախագահի դիպլոմը կասկածելի է։
«Ամեն ինչ լինելու է հանրային տիրույթում, հրապարակային, բոլորը տեղեկանալու են։ Մենք բաց, պարզ ճակատով, առանց կեղտոտ մեթոդներ կիրառելու մեր պայքարն ենք տանելու։ Պայքարը մեր անձերի համար չէ, մենք կայացած փաստաբաններ ենք, նման խնդիր չունենք։ Ի տարբերություն իրենցից շատերի, որոնց մարդ չէր իմանա, եթե պալատում չաշխատեին»,- ասել է Աթանեսյանը։ Պայքարը, ըստ նրա, բարդ է լինելու, հաշվի առնելով, որ Արա Զոհրաբյանն ունի որոշակի պետական աջակցություն. «Բայց եթե հաջողության հույս չունենայինք, փաստաբան չէինք լինի»։
Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը դեպքի հաջորդ օրը հայտարարել էր, թե միջնորդելու է, որ գործը քննի ոչ թե ոստիկանությունը, այլ քննչական կոմիտեն, քանի որ Աթանեսյանը մի գործով եղել է ոստիկանապետի ներկայացուցիչը։ Մեկնաբանելով Բաբայանի հայտարարությունը՝ Տիգրան Աթանեսյանն ասաց. «Դա անգրագիտություն է։ Ոստիկանությունը վաղուց չունի քննչական ապարատ, եւ գործի քննությունը, այսպես թե այնպես, իրականացնում է Քննչական կոմիտեն։ Պարզապես ցանկություն են ունեցել մի բան ասելու, շահարկելու ոստիակնապետի անունը։ Դա բացառելու համար երեկվանից ես եւ պարոն Գասպարյանը փոխադարձ համաձայնությամբ դադարեցրել ենք համագործակցությունը։ Ես այլեւս նրա ներկայացուցիչը չեմ»։
Նշենք, որ ՔԿ-ում դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործերով Տիգրան Աթանեսյանի ներկայացուցիչը փաստաբան Լուսինե Սահակյանն է։ NEWS.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Քր.Օր.-ի 118 հոդվածով (Ծեծը) գործերի հարուցումը, Լուսինե Սահակյանն ասաց. «Մեզ համար անընդունելի է այդ հոդվածով քրգործի հարուցումը։ Ակնհայտ է, որ այդ հոդվածով չպետք է հարուցեր գործը։ Բացի դրանից, աննախադեպ իրավիճակ է ստեղծվել, երբ քաջատեղյակ լինելով, որ հարձակում է եղել Աթանեսյանի եւ Սողոմոնյանի նկատմամբ, մեկ այլ վայրում հարուցվում է երկրորդ քրեական գործը, որպեսի մյուս կողմը եւս տուժող ճանաչվի։ Գտնում եմ, որ սա հովանավորչության արդյունք է։ Ցանկացած այլ պարագայում այլ, ավելի խիստ հոդվածով կհարուցվեր քրգործ»։
Ըստ Լուսինե Սահակյանի, իրենք պայքարելու են մինչեւ վերջ։ «Հասնելու ենք նրան, որ մեղավորներն արժանի պատիժը ստանան։ Փորձելու ենք, որ մեղադրանք առաջադրվի այլ հոդվածներով, որովհետեւ իրականում սպանության փորձ է եղել Տիգրան Աթանեսյանի նկատմամբ։ Բոլորն են տեսել, որ Արմեն Սողոմոնյանն ունի շատ լուրջ մարմնական վնասվածքներ։ Նման հովանավորչության պայմաններում չեմ բացառում, որ պարզվի, թե Սողոմոնյանը ընդհանրապես վնասվածք չունի, չեմ բացառում, որ վերջնարդյունքում տուժողների վրա բարդեն հարձակման մեղքը»։ Լուսինե Սահակյանի խոսքով, հարձակում գործած չորս անձինք իրավունք չունեն փաստաբան լինելու եւ պետք է զրկվեն արտոնագրից։
Փաստաբանի խոսքով, ակնհայտ է, որ դեպքը տեղի է ունեցել պալատի նախագահ Արա Զոհրաբյանի առնվազն գիտությամբ կամ աջակցությամբ։ «Հանցագործությունից անմիջապես հետո նրա պահվածքը, հայտարարություններն ու ասուլիսները ակնհայտ հիմնավորեցին այդ փաստը։ Այս ամենը հետեւանք է վաղուց արդեն պալատում տիրող անառողջ մթնոլորտի եւ սա ունենալու է շատ լուրջ հետեւանքներ։ Ուղղակի բախտի բերմամբ է ստացվել, որ Տիգրան Աթանեսյանը ողջ է մնացել։ Եթե այսպես շարունակվի, այլ, ավելի վատ հետեւանքներ են լինելու։ Այդ անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության, որպեսզի նման դեպքեր չկրկվեն»,- արձանագրեց Լուսինե Սահակյանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ապրիլի 27-ին Տիգրան Աթանեսյանի գրասենյակում Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, ՓՊ նախագահի խորհրդականներ Վրեժ Խաչիկյանը, Գեւորգ Մկրտչյանը եւ փաստաբան Արսեն Հարությունյանը հարձակում էին գործել Տիգրան Աթանեսյանի եւ Արմեն Սողոմոնյանի դեմ։ Հարձակման հետեւանքով Աթանեսյանն ու Սողոմոնյանը մարմնական վնասվածքներ էին ստացել։ Նրանք հարուցված քրգործով տուժող էին ճանաչվել։




























