Հայաստանում կարող է շահավետ լինել ոսկերչական արտադրություն բացելը։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Gopaldaas Jewellers հնդկական ընկերության տնօրեն Դարշան Շահը։
Հայաստանից հեշտ է արտահանել ԱՄՆ ու Եվրոպա, առեւտրի GSP+ ռեժիմի շնորհիվ, որը տրամադրում է զրոյական կամ ցածր մաքսային դրույքներ բազմաթիվ ապրանքների՝ այդ թվում ոսկերչական իրերի համար։ Իսկ հայ ոսկերիչների աշխատանքի որակը ամենեւին չի զիջում հնդիկ վարպետներին, նկատեց նա։
«Այստեղ հսկայական ներուժ ու հոյակապ վարպետներ կան։ Ընդ որում արտադրական ծախսերը մոտ են հնդկականին, կամ էլ նույնն են»,- նկատեց գործարարը։
Հիմա Դարշան Շահը բանակցում է հայ գործընկերների հետ համատեղ ձեռնարկություն ստեղծելու, կամ էլ գուցե նոր գործարան բացելու համար։ «Որոշումը կկայացնենք առաջիկա 2-3 ամիսներին»,- ասաց նա։
Ընկերությունը արտադրություն ունի Հնդկաստանում ու ծրագրում է խանութներ բացել ԱՄՆ-ում։ Դրա համար էլ առավելագույն շահավետ պայմաններով ամերիկյան շուկա դուրս գալը ընկերության առաջնայնություններից է, պարզաբանեց նա։




























