Արժույթի միջազգային հիմնադրամի վարկային նոր ծրագիրը կարող է Հայաստանին օգնել: Մայիսի 4-ին՝ կառավարության նիստից հետո այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նրա խոսքով՝ սա կօգնի ոչ միայն լրացնել Կենտրոնական բանկի արժույթային պահուստները, այլ նաեւ ԱՄՀ-ի մասնագետների հետ վերստին խորհրդակցել տնտեսական բարեփոխումների շարունակման մասին: «Օրակարգը, որը նրանց հետ ձեւավորում ենք, մեզ օգնում է մեր քաղաքականության հարցերում»,- հավաստիացրեց Արամյանը:

Նշենք, որ 2009 թվականին Հայաստանը ԱՄՀ-ից ստացել է արտահերթ հակաճգնաժամային 368 մլն SDR (540 մլն դոլար) աջակցություն կամ երկրին հատկացվող քվոտայից 4 անգամ ավելի: Դրանից հետո պետությունը փոքր ծրագրերի հարցում է կատարել: Դրանցից հերթականը Extended Fund Facility-ն հավանության է արժանացել 2014 թվականին, որի իրականացման ժամկետը լրանում է այս տարի: Ըստ ծրագրի՝ Հայաստանը ստացել է 82,2 մլն SDR (մոտ 112 մլն դոլար): ԱՄՀ-ի վարկերը միասին երկրի արտաքին պարտքում այնքան էլ մեծ բաժին չունեն, ինչպես նախկինում (այժմ դրանց բաժինը 3,6 տոկոս է):