Մայիսի 5-ին սկսվել է Կոնվերս Բանկի թողարկած կորպորատիվ պարտատոմսերի առաջին տրանշի տեղաբաշխումը, ինչից հետո  պարտատոմսերը ցուցակվելու են «Nasdaq OMX Armenia»  ԲԲԸ  կորպորատիվ պարտատոմսերի հարթակում՝ երկրորդային շուկայում շրջանառվելու համար:

Բանկից NEWS.am-ին հայտնում են, որ թողարկման ընդհանուր ծավալը կազմելու է  1 մլրդ ՀՀ դրամ եւ 10 մլն ԱՄՆ դոլար:  Պարտատոմսերի առաջին տրանշի տեղաբաշխման ծավալը  6 մլն ԱՄՆ դոլար է: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը  100 ԱՄՆ դոլար է, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս , իսկ արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը  տարեկան 5,75 տոկոս է: 

«Այս թողարկմամբ Կոնվերս Բանկը կդիվերսիֆիկացնի իր պարտավորությունների պորտֆելը՝ ներգրավված միջոցները ուղղելով տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի ֆինանսավորմանը»,-հայտնեց Կոնվերս Բանկի Գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

«Պարտատոմսերը աշխարհում տարածված ներդրումային գործիքներից են, որոնք ավանդների համեմատ մի էական առավելություն ունեն: Դրանք ցանկացած պահի կարելի է վաճառել մասամբ կամ ամբողջությամբ՝ պահպանելով կուտակված տոկոսագումարները»,- ասաց  Կոնվերս Բանկի Ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը:

Պարտատոմսերը երաշխավորված են Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից` ավանդների երաշխավորման ծավալներով:

 Թողարկված պարտատոմսերի ռեեստրը վարելու է «Կապիտալ ինվեսթմենթս» ՓԲԸ-ն, որն իրականացնելու է նաեւ շուկա ստեղծողի գործառույթներ:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ը բաժնետերերն են "Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս" ԷլԷլՍի-ն(80,94տոկոս), ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ Բի. ՎԻ. Ընկերությունը (14.06% )  եւ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին (5 տոկոս):

Բանկը  մատուցում է բանկային ծառայությունների ողջ տեսականին`վարկավորում, ավանդներ, վճարային քարտեր, ներդրումային եւ պահառուական ծառայություններ, հեռահար ծառայություններ, առցանց վճարումներ եւ այլն:

31.03.2017թ դրությամբ, Կոնվերս Բանկի ակտիվները կազմում են 203,281,106 հազար դրամ, պարտավորությունները՝ 170,223,811 հազար դրամ: Բանկի  ընդհանուր  կապիտալը  33,057,295  հազար դրամ է: