Մեր ամենաընդունակ եւ ջանասեր աշակերտներից մեկն Ավստրիայի ազնվական ընտանիքներից մեկի ժառանգն է: «Yerevan Show» ոսկերչական ցուցահանդեսի ժամանակ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին նշեց Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) դպրոցի եւ «Նյու Էսթեթ» ընկերության տնօրեն Գոհար Համմբարձումյանը:

Գերմանիայում նա ոսկերչական զարդերի 3D դիզայն է սովորել, իսկ հետո ցանկացել է հարստացնել հայկական ավանդական զարդանախշերի գիտելիքները:

«Նա իմացել էր մեր դպրոցի մասին եւ ցանկություն հայտնեց մեզ մոտ դասընթացների մասնակցել: Մեզ մոտ 7 ամիս անցկացրեց եւ, առանց չափազանցության, ամենահաջողակ ու աշխատասեր աշակերտներից էր: Որոշ ժամանակ անց նա ցանկություն հայտնեց վերադառնալ եւ մեզ մոտ շարունակել ուսումը»,- ասաց նա:

Նրա նպատակն Ավստրիայում ոսկերչական արտադրություն հիմնելն ու աֆրիկյան շուկայի համար աշխատելն է:

Ուսման մեջ որդու հաջողություններով առաջինն ուրախացել են ծնողները: «Նրանք նույնիսկ շնորհակալական նամակ են ուղարկել, որ իրենց որդին այդպիսի լավ վարպետ է դարձել»,- նշեց Համբարձումյանը: