Թերթը զրուցել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ:

Հարցին, թե որոնք են այն միջոցները, որոնք արդյունավետ կդարձնեն կոռուպցիայի դեմ պայքարը, Հովսեփյանը պատասխանել է. «Կոռուպցիան որպես երեւույթ վերջին տասը տարիներին չէ, որ կա մեզանում, այն շատ հին հասկացություն է` արմատավորված մարդկության պատմության վաղ շրջանից: Սակայն համաձայն եմ, որ վերջին տարիներին «կոռուպցիա» տերմինը հատկապես ավելի շատ սկսեց շրջանառվել, որովհետեւ բացասական, հանցավոր երեւույթի դեմ ներպետական միջոցների օգտագործմամբ պայքարը ավելի հրատապ համարվեց, անհրաժեշտություն դարձավ»:

Ըստ Հովսեփյանի՝ վերջին տարիների ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարը որոշակի արդյունք է տվել, ինչի մասին վկայում է նաեւ վիճակագրությունը. եթե 2007 թվականին կոռուպցիոն հանցագործությունների համար դատապարտվել է ընդամենը 78 անձ, 2008-ին դրանց թիվը կազմել է 178, ապա 2009-ին դատապարտվել է կոռուպցիոն հանցագործություններ կատարած 208 մարդ: Տարբերությունը ակնհայտ է:

«Եվ եթե կոռուպցիոն հանցագործությունների քննության ընթացքում 2007-ին բացահայտվել է ընդամենը պետությանը պատճառված 517 միլիոն դրամի վնաս, 2008-ին` շուրջ 2 միլիարդ դրամի, ապա 2009-ին այդ գումարը եղել է 5 միլիարդ դրամ: Ակնհայտ է, որ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում քրեաիրավական միջոցները վերջին տարիներին ավելի արդյունավետ են դարձել»,- նշել է գլխավոր դատախազը:

Դիտարկմանը, որ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ բերված վիճակագրական տվյալները փաստում են նման հանցագործությունների բացահայտման տոկոսների աճի մասին, բայց միաժամանակ տպավորություն կա, թե կոռուպցիան մեզանում նույնպես աճել է, Աղվան Հովսեփյանը պատասխանել է. «Վիճակագրական տվյալները, որ բերեցի, բնավ չեն նշանակում, թե մեզանում աճել են կոռուպցիոն հանցագործությունները: Ճիշտ հակառակը` բացահայտումն է լավացել: Այսինքն՝ գնահատման երկու ասպեկտ գոյություն ունի` ավելացե՞լ են արդյոք կոռուպցիոն դրսեւորումները, որոնք բացահայտվել են իրավապահների կողմից, թե՞ դրանք նախկինում էլ եղել են եւ այժմ ձեռնարկված միջոցառումների, ավելի արդյունավետ պայքարի շնորհիվ բացահայտվում են»,- նշել է նա եւ հավելել. «Կարծում եմ, հատկապես երկրորդ ասպեկտով պիտի գնահատենք, որովհետեւ վերջին տարիների ընթացքում պետաիրավական ողջ համակարգի նպատակաուղղված օպերատիվ-որոնողական աշխատանքների, քննչական ու դատական միջոցառումների շնորհիվ հնարավոր եղավ բացահայտել եւ դատապարտել այդ անձանց»:

Գլխավոր դատախազը միամանակ նշել է, որ կոռուպցիոն հանցագործությունները դժվար բացահայտելի են: Շատ դեպքերում եւ կաշառատուն, եւ կաշառք վերցնողը միմյանցից գոհ են: