Վերջին հինգ տարում Ադրբեջանում 33 հազար կին վարորդական իրավունք է ստացել, հաղորդել է ՆԳՆ ճանապարհային ոստիկանության մամուլի ծառայության ղեկավար Քյամրան Ալիեւը: Ընդ որում, առավելագույն քանակությամբ վկայականներ տրվել են 2008թ.՝ 6 հազարից ավելի: Ադրբեջանում վարորդական իրավունք ուենցող տղամարդկանց թիվն անցնում է մեկ միլիոնից, հաղորդում է Vesti.az-ը:
«Վերջերս գրանցվել է ամենատարեց վարորդուհին՝ 69 տարեկան: Այդ կինը հայտնի անձ է, բայց նրա անունը ես չեմ տա: Տարիքային սահմանափակում չկա, կարեւորը, որ առողջությունը թույլ տա մեքենա վարել»,- ասել է նա:
Նշենք, որ այս տարվա սեպտեմբերին The Daily Telegraph-ը հայտնել էր, որ 69-ամյա կորեուհի Չխե Սա Սուննը հայտնի էր դարձել նրանով, որ գրավոր քննությունը հանձնել էր 950-րդ փորձից: Hyundai ընկերությունը նրան իր գովազդային արշավի դեմք է դարձրել:
Կինն առաջին անգամ վարորդական իրավունքի վկայական փորձել էր ստանալ 2005 թվականին եւ չէր դադարել տեստը լրացնելու իր փորձերը։
2009 թվականի նոյեմբերի 5-ին նրան վերջապես հաջողվել է հավաքել անհրաժեշտ նվազագույն միավորները եւ հանձնել տեստի գրավոր մասը։ Կորեուհին ասել է, որ ուզում է մեքենա վարել սովորել իր թոռներին զբոսայգի տանելու համար։


























