Լեռնային Ղարաբաղի ճանաչման մեջ Հայաստանի համար ոչ մի օգուտ չկա, քանի որ տվյալ քայլն, իրականում, ոչ մի օգուտ չի տա, եւ կարող է բարդացումների հասցնել: 1news.az-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել բրիտանական LINKS կազմակերպության գործադիր տնօրեն Դենիս Սամութը:

Նրա խոսքով, Հայաստանը դժվար թե գնա Ղարաբաղի ճանաչմանը: «Ցանկացած դեպքում, եթե Հայաստանը գնա նման քայլի, դա որեւէ ազդեցություն չի ունենա իրավիճակի վրա»,- կարծիք է հայտնել Սամութը: Փորձագետը նշել է, որ Ադրբեջանը հստակ հասկացրել է, թե ստատուս-քվոն իր համար անընդունելի է, եւ օգտագործելու է բոլոր միջոցներն այն փոխելու համար: «Ադրբեջանը շարունակելու է պնդել, որ ստատուս-քվոն պետք է փոխվի: Դրա համար նա ունի քաղաքական, դիվանագիտական, տնտեսական եւ ռազմական գործիքներ: Բայց իմ կարծիքով, ռազմական տարբերակի օգտագործումը չի բխում Ադրբեջանի շահերից, եւ նա պետք է ձգտի հասնել իր նպատակներին այլ միջոցներով»,- ասել է փորձագետը:

Խոսելով Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովի մասին՝ Սամութը նշել է, թե Աստանայում կարելի է եվրոպական եւ եվրասիական անվտանգության լուրջ քննարկում ակնկալել: «Կան համեստ ակնկալիքներ, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են պայմանավորվածությունների հասնել խաղաղ գործընթացը շարունակելու հարցում»,- ասել է նա: