Հայաստանյան եւ միջազգային շուրջ 50 բնապահպանական կազմակերպություններ այսօր` նոյեմբերի 26-ին, նամակ կուղարկեն ՀՀ նախագահին, վարչապետին, բնապահպանության նախարարին եւ Երեւանի քաղաքապետին` պահանջելով դադարեցնել Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում սկսված դելիֆնարիումի շինարարության աշխատանքները:

Նոյեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղյակ պահեցին «Էկոդար», «Թռչնասերների կենտրոն» բնապահպանական կազմակերպությունների նախագահներ Հրայր Սավզյանն ու Սիլվա Ադամյանը,  ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը եւ Armenian Environmental Network կազմակերպության գործադիր տնօրեն Սերդա Օզբանյանը:

Նամակում մասնավորապես նշվում է, որ Հայաստանի կլիման  չի  համապատասխանում դելֆինների կամ որևէ այլ ծովային կենդանիների գոյատեւման համար: Դելֆինարիումի համար օգտագործվելու է խմելու ջուրը, ինչը եւս անթույլատրելի է: Բացի այդ նախատեսվում է  Ուկրաինայից Հայաստան ներկրել շշաքիթ դելֆիններ, որոնք  ընդգրկված են վտանգված կենդանիների ու բույսերի Կարմիր գրքում:

«Փակվելով ակվարիումային ցուցափեղկերում, այս կենդանիները ոչ միայն ազատությունից են զրկվում, այլեւ բնական կենսակերպի պայմաններից, ինչպիսիք են օրական 40 մղոն լողալը, կենդանի կերը եւ վտառի հետ շփումը»,-նշված է նամակում:

Նամակից բացի, ստեղծվել է նաեւ օնլայն-խնդրագիր (petition) ընդդեմ դելֆինարիումի կառուցման, որին միացել է ավելի քան 12 հազար մարդ` Հայաստանից, Եվրոպայից եւ ԱՄՆ-ից:

Նշենք, որ սեպտեմբերի 30-ից Պանթեոնում սսկվել են դելֆինարիումի կառուցման աշխատանքները: