Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա երկուշաբթի Ղազախստանի մայրաքաղաքում:

Սպասվում է, որ նիստին կմասնակցեն Ղազախստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի վարչապետներ Բաքիթժան Սագինթաեւը, Կարեն Կարապետյանը, Անդրեյ Կոբյակովը, Սոորոնբայ Ժեենբեքովը, Դմիտրի Մեդվեդեւը, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայության տեղեկություններով՝ հիմնական ուշադրությունը կհատկացվի ԵՏՄ թվային օրակարգի իրականացման առանցքային ուղղությունների վերաբերյալ հարցերի, Իրանի հետ ազատ առեւտրի գոտու համաձայնագրերի նախագծերի եւ ԵՏՄ անդամ երկրների աշխատավորների կենսաթոշակների ապահովման պայմանագրի քննարկմանը:

Ուշադրության գոտում կլինեն նաեւ ԵՏՄ անդամ երկրներում տրված ազգային եւ միջազգային վարորդական վկայականների փոխճանաչման հետ կապված հարցերը՝ ԵՏՄ անդամ այլ երկրում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով:

Միջկառավարական խորհրդի անդամները նաեւ կհաստատեն միջոցառումների ծրագիրը՝ կապված 2018-2020 թվականների համար օդային տրանսպորտի ուղղությամբ տրանսպորտային համակարգված քաղաքականության իրականացման հիմնական ուղղությունների եւ փուլերի հետ, տեղեկատվություն կստանան ԵՏՄ անդամ երկրների բյուջեների միջեւ ներմուծման մասատուրքերի հաշվեգրման եւ բաշխման, նաեւ ԵՏՄ Մաքսային օենսգրքի պայմանագրի ուժի մեջ մտնելու ընթացակարգերի անցկացման մասին: