«ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե Եվրասիական միություն մտնելուց հետո ինչպես է զարգանում երկրի տնտեսությունը, հատկապես գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը, եւ որ հայկական բարձրտեխնոլոգիական ընկերություններն արդեն ոչ միայն ռուսական շուկա են մտնում, այլ նաեւ Ռուսաստանի տարածքում մանակցում են արդյունաբերական կոոպերացիայի նախագծերին: Ներկայացնում ենք հարցազրույցից հատված, որը վերաբերում է համատեղ հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծմանը:

Մարտին Մոսկվա Ձեր այցի շրջանակում հայտարարվեց համատեղ հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին: Ո՞ր փուլում է  այն ստեղծելու գործընթացը, ո՞ր  ոլորտներն եք համարում առավել հեռանկարային այդ հիմնադրամի կողմից ֆինանսավորելու համար:

Այո՛, համաձայնագիրը ստորագրվել է: Դրա հետ մեկտեղ նշեմ, որ ոչ զուգահեռ, բայց մի փոքր ուշ մենք Հայաստանում եւս 2 հիմնադրամ ենք ստեղծել՝ դրանցից մեկն է Համահայկական ներդրումային հիմնադրամը, երկրորդը՝ «Հայաստանի ներդրողների ակումբը»: Նոյեմբերի 13-ին այս հիմնադրամը ներդրումային ծրագրի մեկնարկի (միլիարդ դոլարից մի փոքր ավելի) խոշոր շնորհանդես կանցկացնի այստեղ՝ Երեւանում: Ներդրում կարվի հիմնականում Հայաստանի էներգետիկ ոլորտում, ինչը ներառում է Հայաստանի էլեկտրական ցանցերի արդիականացումը, նոր հիդրոէլեկտրակայանի կառուցումը եւ հայտնի Schneider Electric ընկերության հետ էներգետիկների համար արտադրանքի արտադրության ձեռնարկությունների հիմնումը: Ես կարծում եմ, որ այս արտադրանքը իր սպառողին կգտնի նաեւ ռուսական շուկայում:

Ներդրողների ակումբի մասին խոսելու դեպքում ստացվում է, որ ռուսական ընկերություններ կլինեն, այդ թվում՝ նաեւ Հայաստանի էլեկտրացանցերի հզորության արդիականացման մեջ: Կարո՞ղ եք անվանել այդ խաղացողներին:

Դեռեւս ոչ, այս տեղեկությունը կներկայացվի նոյեմբերի 13-ին: Ինչ վերաբերում է ռուս-հայկական հիմնադրամին, ապա մենք աշխատանքը շարունակում ենք: Վերջերս նրա ներկայացուցիչները Հայաստանում էին: Եթե խոսելու լինենք ներդրումների ոլորտների մասին, ապա դա ՏՏ տեխնոլոգիաներն են, էներգետիկան, բարձրտեխնոլոգիական արտադրանքը:

Այսինքն՝ հիմա կարելի է ասել, որ «ճանապարհային քարտե՞զն» է կազմվում:

Այո՛, կողմերը հիմա աշխատում են «ճանապարհային քարտեզը» կազմելու վրա:

Ե՞րբ է ակնկալվում առաջին նախագծերի ներկայացումը:

Գիտեք, նման դեպքերում ավելի լավ է արհեստական ժամկետներ չսահմանել: Կողմերը պետք է ընտրեն հեռանկարային նախագծերը, իսկ դա ժամանակ է պահանջում:

Իսկ եթե խոսենք, օրինակ, Հայաստանի բարեկամների հիմնադրամի մասին, քննարկվո՞ւմ է նրա հետ որեւէ համատեղ ներդրման հնարավորությունը:

Իհարկե, անպայման: