20 տարի ընդմիջումից հետո, այսօր` դեկտեմբերի 23-ին, Օպերայի եւ Բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերայի պրեմիերան: Այն բեմադրվել է իտալացի ռեժիսոր Մարիո Կոռադիի կողմից: Իտալացի ռեժիսորն առաջին անգամ Հայաստան եկել է 1,5 ամիս առաջ՝ Մշակույթի նախարարության հրավերով: Նա 50-ից ավել ներկայացումներ ունի բեմադրած աշխարհի տարբեր օպերային թատրոններում:
Պրեմիերային Աիդայի դերում կերգի Ավստրիայից հրավիրված հայազգի սոպրանո Հասմիկ Պապյանը, իսկ Ռադամեսի դերում` Գերմանիայից հրավիրված ազգությամբ վրացի երգիչ Գեորգի Օնիանին: Բեմադրության մեջ ընդգրկված են 300 այլ դերակատարներ:
Պրեմիերային ներկայացումներ կլինեն նաեւ դեկտեմբերի 25, 26-ին, իսկ Ամանորից հետո այն կընդգրկվի հիմնական խաղացանկում:
Նշենք, որ «Աիդա» օպերան առաջին անգամ բեմադրվել է 1941 թվականին եւ խաղացանկում ընդգրկված է եղել մինչեւ 1991 թվականը:





























