Ավստրալացի տարեց տղամարդը կարողացել է բռնցքահարվածներով հետ մղել իր վրա հարձակված շնաձկանը, հայտնում է 9news.com.au-ն:

Վիկտորյա նահանգի 69-ամյա բնակիչ Ռոբ Քրոսլանդը ծովում լողում էր ափից մոտ 100 մետր հեռավորությամբ, երբ նրա վրա հարձակվել է 3,5-մետրանոց շնաձուկը:
«Ես նախ տեսա նրա լողակը: Նա իմ կողքին շրջաններ էր գործում, իսկ հետո ուղիղ ինձ վրա եկավ»,- պատմել է նա:

Տղամարդը գլուխը մտցրել է ջրի տակ, եւ երբ շնաձուկը մոտեցել է, բռունցքով հարվածել է քթին:

«Նա կատարեց 6 կամ 7 շրջան, ամեն անգամ նրան բռնցքահարում էի, նա հետ էր լողում եւ նորից վերադառնում»,- պարզաբանել է Քրոսլանդը:

Ավստրալացու կարծիքով՝ իրեն օգնել է փրկվել նաեւ վառ վարդագույն կիսավարտիքը, որի շնորհիվ շնաձուկը հասկացել է, որ փոկի չի հանդիպել: