Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մարտի 12-ին աշխատանքային այցով մեկնել է Լիբանանի Հանրապետություն, որտեղ նույն օրը մասնակցել է «Արցախ Րութս Ինվեսթմընթս» (ԱՐԻ) ընկերության տարեկան ժողովին:
Արցախի պետնախարարի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ պետական նախարարը Բեյրութի Հայ բարեգործական ընդհանուր միության «Դեմիրճյան» կենտրոնում կայացած ժողովում ունեցած ելույթով ողջունել է ընկերության տնօրենների խորհրդի անդամներին ու բաժնետերերին եւ նշել, որ անցած ինը տարիների ընթացքում ԱՐԻ-ի ծրագրերը մեծապես նպաստել են Արցախի տնտեսության զարգացմանը: Ա. Հարությունյանի խոսքով՝ հայրենիքի շենացման ու զարգացման համար շատ կարեւոր է ներդրումների ապահովումը, եւ, այդ առումով, ԱՐԻ-ի գործունեությունն օրինակելի է:
«Համոզված եմ, որ տարիների ընթացքում ընկերության բաժնետերերի թիվը կավելանա, եւ հաջողված ծրագրերի քանակն ու ծավալները կընդլայնվեն: Այդ են վկայում ոչ միայն կատարված աշխատանքների արդյունքները, այլեւ՝ տարեցտարի նոր բաժնետերերի ներգրավումը ծրագրերում, ինչի համար ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել ԱՐԻ-ի բոլոր բաժնետերերին»,- ասել է Ա. Հարությունյանը:
Արցախի պետնախարարն իր խոսքում անդրադարձել է նաեւ վերջին տարիներին Արցախում արձանագրված տնտեսական հաջողություններին: Նա նշել է, որ անցած տարին ամփոփվել է 15.6 տոկոս տնտեսական աճով, որը նորանկախ Արցախի պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն է: Այս հարցում Ա. Հարությունյանը կարեւորել է նաեւ ԱՐԻ-ի ունեցած ներդրումը եւ հույս է հայտնել, որ հետայսու եւս այն իր ծանրակշիռ մասնակցությունն է ունենալու Արցախի տնտեսության զարգացման եւ բնակչության կյանքի որակի բարելավման գործում:
Այնուհետեւ ժողովի մասնակիցներն ամփոփել են Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքի բնակարանաշինության առաջին փուլի արդյունքները: Նշվել է, որ համայնքի «Արիավան» թաղամասում նախատեսված 150 առանձնատներից 50-ն արդեն շահագործման է հանձնվել: Երկրորդ փուլի համար ԱՐԻ ընկերության տնօրենների խորհրդի կողմից նախապես կայացրած հինգ առանձնատների կառուցման որոշումը փոխվել է, երբ Ա. Հարությունյանը հայտարարել է, որ Արցախի կառավարությունն իր բաժին մասնակցությունն է ունենալու դրանց կառուցմանը: Արդյունքում, նոր որոշում է ընդունվել կառուցել 20 առանձնատուն, եւ ժողովի ավարտին ծրագիրն իրենց ստորագրությամբ վավերացրել են պետնախարար Արայիկ Հարությունյանը, ԱՐԻ ընկերության նախագահ Սուրեն Սարգսյանը եւ «Արցախ ֆոնդ» կազմակերպության ատենապետ Մելքոն Հակոբյանը:
ԱՐԻ ընկերության տարեկան ժողովին մասնակցում էր նաեւ Մերձավոր Արեւելքի երկրներում ԱՀ մշտական ներկայացուցիչ Կարապետ Քաբաբջյանը:
Նշենք, որ ԱՀ պետական նախարար Ա. Հարությունյանը մարտի 13-ին Բեյրութից աշխատանքային այցով մեկնել է Ավստրալիա:




























