Հունվար ամսին Հայաստանում իրավախախտման գրեթե 1.2 հազար դեպք է գրանցվել: Տարեկան կտրվածքով դեպքերի թիվն աճել է 78-ով կամ՝ 7.3 տոկոսով: Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների եւ տրանսպորտային միջոցների շահագործման դեպքերն աճել են 50-ով կամ՝ գրեթե 2.5 անգամ: Սակայն իրավախախտումներում ավանդաբար գերակշռում են «գույքի դեմ ուղղված հանցագործությունները», որոնց մասնաբաժինը ընդհանուր ցուցանիշում 40 տոկոս է կազմում: Նման հանցագործությունների թիվն այս ամսվա ընթացքում 455 դեպք է կազմել եւ տարվա ընթացքում աճել է գրեթե 4 տոկոսով:
Մասնագետները հանցավորության պատճառներից մեկն են համարում (այդ թվում եւ հատկապես՝ կողոպուտի) հասարակությունում հարուստների եւ աղքատների միջեւ խիստ բեւեռացումը: Իհարկե, խոսքն անուղղելի ռեցիդիվիստների մասին չէ, այլ՝ նրանց, ում հանցագործության դրդել են անբարենպաստ գործոնները, ասենք՝ նույն աղքատությունը: Աղքատությունը փողի հետ կապված հավերժական խնդիր է, այստեղից էլ բխում է ցածր (կամ անհատական պահանջներին չհամապատասխանող) կենսամակարդակը:
Իրավիճակը սրվում է կյանքը բարելավելու իրական հեռանկարների բացակայությամբ, գործազրկությամբ (հատկապես երիտասարդների շրջանում) եւ այլն: Բնականաբար, իրենց դերն ունեն նաեւ անհատական առանձնահատկությունները՝ դաստիարակության մակարդակը, հաղորդակցման միջավայրը եւ այլն: Համատարած կոռուպցիան, իր հերթին, ստիպում է «տրամաբանական» եզրահանգման գալ. «բոլորն են գողանում, իսկ ինչու՞ ես չգողանամ»:
Իր ներդրումն ունի նաեւ զանգվածային մշակույթը եւ առաջին հերթին՝ դրա ամենահզոր եւ արդյունավետ տեսակը՝ կինոմատոգրաֆը: Բազմաթիվ ֆիլմեր եւ սերիալներ հանցագործներին իրենց ոչ բնորոշ ազնիվ հատկություններով են օժտում: Կինոյի նման «գլուխգործոցները» հատկապես վնասակար ազդեցություն են գործում աճող սերնդի վրա: Հատկանշական է, որ մի շարք հայկական հեռուստաալիքները սերիալներ են ցուցադրում քրեական աշխարհի նույն իդեալականացման թեմաներով: Իրական դեպք. հարցին, թե «ի՞նչ ես ուզում դառնալ, երբ կմեծանաս», մանկապարտեզի տարիքի տղան պատասխանել է. «ուզում եմ լինել Հովոյի նման»: Նրանց համար, ովքեր այդպիսի սերիալներ չեն դիտում, մանրամասնենք. «Հովոն» մեր սերիալներից մեկի հերոսն է՝ քրեական հեղինակություն: Որքա՞ն պետք է աշխատես, որպեսզի նման այդքան գրավիչ լինի՝ նույնիսկ փոքր երեխաների համար:
Այս «բարեբեր» հողի վրա էլ աճում են վերոնշյալ «սեփականության դեմ ուղղված հանցագործությունները», «պետական, հասարակական կամ անձնական սեփականության հափշտակումը»: Այստեղ կան նյուանսներ, որոնք ավելի լավ է պատկերավոր կերպով ներկայացնել տարեկան տվյալներով: Պետական գույքի աստիճանական կրճատումը հանգեցրել է հանցագործների՝ անձնական, իհարկե՝ ուրիշի սեփականության նկատմամբ հետաքրքությանը: Անցյալ տարի պետական գույքի հափշտակման 130 դեպք է գրանցվել, ինչը 2.5 անգամ պակաս է, քան 2007 թվականին:
Իսկ ահա անձնական սեփականության հափշտակման դեպքում լիովին հակառակ պատկերն է: 2017 թվականին ավելի քան 7.400 նման դեպք է գրանցվել, ինչը 2.4 անգամ գերազանցում է տաս տարվա հնության ցուցանիշը: Ընդ որում, այս ժամանակահատվածում մեր խիզախ իրավապահների բանակն ամենեւին էլ չի կրճատվել: Այստեղից կարելի է հանգել տրամաբանական եզրակացության. մեր երկրում հանցագործությունն արմատախիլ չի արվում, հակառակը՝ աճում է:
Սմբատ Գրիգորյան
Հայաստան. ինչպիսի՞ կապ կա ցածրաճաշակ սերիալների եւ հանցագործությունների միջեւ
Հասանելի է
русскийՏեղադրություն




























