Երեւանի Բուզանդ փողոցի եւ Հյուսիսային պողոտայի բնակիչները կառավարությունից փոխհատուցում են պահանջում: Նրանք կրկին Երեւանի քաղաքապետարանի մոտ են հավաքվել եւ պահանջել 15 տարի առաջ գերակա շահ ճանաչված ու քանդված իրենց սեփական տների փոխհատուցումը: Կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերությունը պայմանագիր է կնքել 188 ընտանիքի հետ, մինչեւ հիմա բնակարան են ստացել քչերը, մյուսները ստիպված են վարձով ապրել։
«Թող մեր պայմանագրերը նայեն, քաղաքապետարանում մեր ամբողջ գործերը կան, 15 տարի պահանջում ենք, ոչինչ չեն անում: Մի մասի փոխհատուցումը տվել են, 8 հոգի ենք մնացել, ասում են՝ փող չկա: Փող չկա, կանչեք ով որ քանդել ա՝ թող տա»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց տուժած բնակիչներից Քնարիկ Առաքելյանը:
Հիշեցնենք, որ 2004թ. Երեւանի Բուզանդի, Լալայանց փողոցի սեփական տները գերակա շահ են ճանաչել ու քանդվել՝ խոստանալով ամենաուշը երեք տարում փոխհատուցել բնակիչներին։ Կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերությունը պայմանագիր է կնքել քաղաքացիների հետ, մինչեւ հիմա փոխհատուցում են ստացել քչերը, մյուսները ստիպված են վարձով ապրել։



























