Մշտապես հակադիր դիրքերում գտնվելը, հակասությունների մեջ լինելը չի բերի երկրի զարգացման։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը։ Վերջինս ասել է, որ լավատես է, թունելի վերջում լույս է տեսնում, որի մեկնարկը կլինի ապրիլից։
Հիշեցնենք, որ ապրիլի 17–ին վարչապետի ընտրությունն է, իսկ միակ թեկնածուն, թեեւ պաշտոնապես հայտարարված չէ, բայց համարվում է Սերժ Սարգսյանը։ Նախնական տեղեկություններով՝ «Ծառուկյան» խմբակցությունում արդեն որոշում կա՝ ինչպես նախագահի ընտրության դեպքում, այնպես էլ վարչապետի ՀՀԿ–ի թեկնածուի օգտին են քվեարկելու։ Խմբակցությունում պնդում են, որ դեռեւս վարչապետի քվեարկության հարցը չի քննարկվել, իսկ թեկնածու առաջադրելու մենաշնորհը պատկանում է իշխանությանը։
Մեր հարցին՝ ապրիլի ընտրությունից հետո, երբ Հայաստանն ամբողջապես կանցնի խորհրդարանական կառավարման համակարգին, ի՞նչ փոփոխություններ է ակնկալում, Բոստանջյանը պատասխանեց. «Ես իմ նատուրայով չեմ կարա վատատես լինել, որովհետեւ ես հասկանում եմ, որ ցանկացած բացասական զարգացում կամ վիճակ չի կարող հավերժ լինել։ Ցանկացած թունելի վերջում լույս է։ Իմ ունեցած մոտեցումների պարագայում նույնիսկ թեկնածուների հարցն էլ նշանակություն չունի։ Չի կարող պատահի, որ բացասականին չհաջորդի դրականը, քանի դեռ մարդ արածը գոյություն ունի լավատեսական հիմքերը գոյություն ունեն, դա մարդկանց ձեռքբերում է»։



























