«Ծառուկյան» դաշինքը իշխանության դեմ փողոցային պայքար կսկսի տարեվերջին, եթե մինչ այդ իշխանությունը տեսանելի առաջընթաց չափահովի մի շարք ոլորտներում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտարարեց խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
Պատգամավորն ասաց՝ դեռ չգիտի խմբակցությունը կո՞ղմ, թե՞ դեմ կքվեարկի ՀՀԿ–ի վարչապետի թեկնածուին, բայց վստահեցրեց՝ թեկնածուի անձով չեն առաջնորդվի. «Մենք վարչապետի անձը չենք կարեւորում , խմբակցությունը իր կարծիքը կասի, ես իմ անձնական կարծիքն ասեմ՝ համակարգային փոփոխություններ իրականացնելիս եթե մենք բոլոր ինստիտուտները կարողանում ենք ձեւակերպել եւ հակակշիռներ ապահովել, այլեւս անձը կարեւոր չէ»։
Սերգեյ Բագրատյանը կարծում է, որ վարչապետի թեկնածուին չպետք է դիտարկել այն չափանիշներով, ինչ նախագահի թեկնածուին։ Նախագահի թեկնածուի օգտին քվեարկել են զուտ այն պատճառով, որ կաշկանդված չլինի ՀՀԿ–ով եւ անաչառ լինի։ Վարչապետի դեպքում իրավիճակն այլ է։ «Վարչապետը քաղաքական պաշտոնյա է եւ քաղաքական պատասխանատվություն ունի տվյալ ուժի գործունեության համար։ Եթե մենք չքվեարկենք, ՀՀԿ–ն կկարողանա իր թեկնածուին անցկացնել, չէ՞.... Մենք ամեն ինչ կանենք, որ համակարգային փոփոխություն լինի, անձը կարեւոր չի։ Ես հույս ունեմ, որ մինչեւ տարվա վերջ ռեալ փոփոխություն կտեսնենք։ Հակառակ դեպքում ստացվում է՝այլեւս իշխանությունը չի կարող իրացնել հանրության պահանջները եւ չի կարող շարունակել աշխատանքը։ Կամ կլինեն լուրջ փոփոխություններ, կամ կավարտվի այս իշխանության պաշտոնավարումը»,–հայտարարեց Սերգեյ Բագրատյանը։
Հարցին՝ ինչպե՞ս կավարտվի, պատգամավորը պատասխանեց. «Եթե փոփոխություն չլինի, ժողովուրդը այլեւս ապրելու հնարավորություն չունենալով՝ պահանջելու է կառավարության հրաժարականը։ Եթե այդ փոփոխությունը ՀՀԿ–ն չանի, հանրությունը ինքնաբուխ դուրս կգա փողոց»։ Բագրատյանը հավաստիացրեց, որ իրենց խմբակցությունն էլ այդ ժամանակ կկանգնի ժողովրդի կողքին։ «Եթե փոփոխություն չլինի հանրության կյանքում, եւ այս ծանր վիճակը շարունակվի, վստահ եղեք, որ «Ծառուկյան» խմբակցությունը դուրս կգա փողոց։ Ես ակնկալում եմ արմատական փոփոխություն»։ Ի դեպ տարեվերջին ժողովրդի ինքնաբուխ պայքարին միանալու պատրաստակամություն հայտնող Սերգեյ Բագրատյանը դեմ է «Ելք» դաշինքի առաջիկայում սպասվող փողոցային պայքարին։
«Ելք» դաշինքը քննարկում է Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում առաջադրվելու ծրագիրը տապալելու, հանրային ընդվզում սկսելու հարցը։ Մինչեւ շաբաթվա վերջ հայտնի կլինի վերջնական որոշումը։



























