ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկա Թրամփը որոշել է փակել իր անվամբ զարդերի, կոշիկի եւ աքսեսուարների ապրանքանիշը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ամերիկյան The Wall Street Journal-ի աղբյուրները:

Պարբերականի տվյալներով՝ ընկերության ղեկավար Աբիգեյլ Քլեմը բոլոր 18 աշխատակիցներին հայտնել է բիզնեսը փակելու որոշման մասին: Իվանկա Թրամփը մտադիր է ավելի ուշ դիմել իր ընկերության անձնակազմին: Որոշման պատճառների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:

36-ամյա Իվանկա Թրամփը զարդերի, կոշիկի եւ աքսեսուարների սեփական շարքն էր թողարկում: Նա եղբայրների՝ Էրիկի եւ Դոնալդ կրտսերի հետ զբաղեցնում էր շինարարության ոլորտում մասնագիտացած Trump Organization ընկերության երեք փոխնախագահներից մեկի պաշտոնը:  

2017 թվականի սկզբին նախագահի դուստրը հեռացավ ընտանեկան ընկերությունում զբաղեցրած պաշտոնից: Հիմա Իվանկան պաշտոնապես Սպիտակ տանն է աշխատում. նա հասարակական հիմունքներով նախագահի խորհրդականն է: