Չինաստանի Շանդուն նահանգի հնագետները Արեւելյան Չժոու դինաստիայի կառավարման ժամանակաշրջանի (մ.թ.ա. 771 - 221 թվականներ) դամբարանադաշտում 136 հնագույն դամբարան են հայտնաբերել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Դամբարանադաշտը գտնվում է Դահան գյուղում, որտեղ պեղումները սկսվել են դեռեւս անցյալ տարվա հոկտեմբերին, ասել է հնագետ Լյու Յանչանը: Պեղումները սկսելու պահից մինչեւ այսօր հաջողվել է հայտնաբերել 100 փոքր եւ 36 խոշոր դամբարաններ, ինչպես նաեւ դրանցից հանել 800 արտեֆակտներ, այդ թվում՝ կերամիկական, նեֆրիտից իրեր, ոսկորներ եւ բրոնզ:
«Հիմք ընդունելով դամբարանների չափերը, դրանց դասավորվածությունը եւ թաղման օբյեկտների քանակությունը՝ կարելի է եզրակացնել, որ խոշոր եւ միջին դամբարանները պատկանել են բարձր խավի անձանց, որոնց ազգությունը դեռեւս չի պարզվել»,- ասել է գիտնականը:
Նրա խոսքով՝ սոցիալական շատ բարձր դիրքով մարդուն պատկանող դամբարանը 40 քառ.մետր մակերեսով սենյակ է, որտեղ մեծ թվով օբյեկտներ են հայտնաբերվել, ինչպես նաեւ 5 մարդու մասունքներ, որոնք տիրոջ հետ ողջ-ողջ են թաղվել:
Դեռեւս դժվար է նույնականացնել դամբարանի տիրոջ ինքնությունը, քանի որ այն նախկինում թալանվել է, հավելել է գիտնականը:
Հետազոտողների կարծիքով՝ գտածոն կօգնի ավելի լավ հասկանալ այս տարածաշրջանում մշակույթի կազմավորումն ու զարգացումը:





























