Չինաստանի հարավարեւելյան Ցզյանսի նահանգի իշխանությունները սկսել են միջոցառումներ ձեռնարկել «միայն դիակիզում» քաղաքականության ներդրման համար՝ հողային պաշարների պահպանման նպատակով, տեղական բնակչությունից բռնությամբ առգրավելով պատրաստի դագաղները եւ արգելելով հանգուցյալների հուղարկավորության ավանդական ծիսակարգերը, հայտնում է South China Morning Post-ը:
Նահանգի կառավարությունը մտադիր է դիակիզումը դարձնել մարդու աճյունի ոչնչացման միակ թույլատրելի մեթոդը: Հողային պաշարների պահպանման նպատակով նահանգի շատ քաղաքների իշխանությունները «միայն դիակիզում» քաղաքականության կատարման վերջնաժամկետ են սահմանել այս տարվա սեպտեմբերը:
Չինաստանում համացանցում տարածվող լուսանկարների եւ տեսանյութերի համաձայն՝ անցած հանգստյան օրերին իշխանությունները տեղի գյուղական բնակիչների տներից ուժով առգրավել են դագաղները: Փայտե դագաղների ահռելի բլուրը ոչնչացվել է էքսկավատորով, ընդ որում՝ շատ տարեցներ պառկել են դագաղի մեջ՝ այն պահպանելու փորձ կատարելով:
Իշխանությունների «զրո հուղարկավորություն» քաղաքականությամբ հանդես գալուց հետո դագաղների արտադրությունը եւ դրանք տնօրինելն արգելվել է, իսկ նահանգի իշխանությունները զբաղվել են արդեն առկա դագաղների առգրավմամբ: Տեղացիներից մեկի խոսքով, որը չի ցանկացել ներկայանալ, տեղի աղքատ ընտանիքները երկար տարիներ 5 հազար յուան են խնայել դագաղ պատրաստելու համար, ըստ որում՝ իշխանությունները որպես փոխհատուցում առաջարկել են միայն 2 հազար յուան: Նրա խոսքով՝ պաշտոնյաներն արգելել են ոչ միայն դագաղները, այլեւ մյուս ավանդական ծիսակարգերը, այդ թվում տապանաքարերը:
Մինչդեռ Չինաստանի որոշ բնակիչների համար չափազանց կարեւոր է ավանդական եղանակով հողում թաղվելը, որպեսզի մարմինը հուղարկավորելիս ամբողջական լինի: Այս պատճառով որոշ քաղաքացիներ դիմում են «մարմինների վաճառականների» ծառայություններին, որպեսզի այրեն օտարի մարմինը եւ հավաստագիր ստանան, իսկ ազգականի մարմինը անխաթար թաղեն, ինչը հաճախ գաղտնի է կատարվում:



























