ՀՀԿ համամասնական ցուցակի 2-րդ համարը զբաղեցնող Տարոն Մարգարյանն ընտրվել է Երեւանի առաջին փոխքաղաքապետ: Այսօր տեղի է ունեցել Երեւանի Ավագանու արտահերթ նիստ, որը քննարկել է կառուցվածքային փոփոխությունների հարցեր։ Նիստին մասնակցել է Ավագանու 47 անդամ, ովքեր միաձայն քվեարկությամբ Տարոն Մարգարյանին ընտրել են Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ։ Երեւանի Ավագանին ընտրել է նաեւ քաղաքապետի մյուս երկու տեղակալներին։ 35 կողմ եւ 12 դեմ ձայներով քաղաքապետի տեղակալներ են ընտրվել Կամո Արեյան ու Վանո Վարդանյանը։ Դեմ են քվեարկել Ավագանիում ներկայացված ԲՀԿ անդամները:

Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանը լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին է եւ քաղաքապետի ընտրություններից առաջ զբաղեցնում էր Ավանի թաղապետի պաշտոնը:

Երեւանի քաղաքապետի ընտրությունները կայացել են մայիսի 31-ին: Ըստ օրենքի, Ավագանին պետք է ունենար 65 անդամ, բայց ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսը, որ ստացել էր 13 մանդատ, բոյկոտել է Ավագանու աշխատանքը, հայտարարելով, որ ընտրությունները կեղծվել են։ Այդ է պատճառը, որ Երեւանի Ավագանին այժմ ունի 52 անդամ: