Գերմանիայում վերջին մի քանի շաբաթների ընթացքում օդի բարձր ջերմաստիճանը հանգեցրել է ջրամբարներում թթվածնի մակարդակի նվազման, որը ձկների համար վտանգավոր է: Փորձագետները նշում են, որ կրիտիկական նիշը դեռեւս չի հատվել, եւ կանխատեսում են գլխաքանակի զանգվածային ոչնչացում:
«Հարվածի տակ են ձկների բոլոր տեսակները, այդ թվում՝ սպիտակ ձկան խոշոր տեսակները, որն ունի քաղցրահամ ջրերում թթվածնի նվազած մակարդակին հարմարվելու մեխանիզմներ: Սակայն ուժգին շոգի պատճառով թթվածնի խտությունն այնքան փոքր է, որ սատկում են նաեւ այս տեսակները»,- ասել է Համբուրգի բնապահպանական գերատեսչության ներկայացուցիչ Բյորն Մարցանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Փորձագետը հավելել է, որ հիմա գլխավոր ջրահավաքման շրջանում թթվածնի մակարդակը մնում է նորմայից 80 տոկոս նիշի վրա, իսկ այսպես կոչված, մեռյալ գոտին սկսվում է 20 տոկոս նիշի դեպքում:
«Սակայն մենք հնարավոր ենք համարում իրավիճակի սրումը: Սա արտակարգ իրավիճակ է, որին նախկինում երբեք չենք բախվել»,- նշել է Մարցանը:
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում ներկայումս իրավիճակն այնքան էլ լարված չէ: Չնայած բարձր ջերմաստիճանին, ջրամբարների հիմնական մաս կայուն է մնում:
«Սակայն դա կարող է ամեն պահի փոխվել: Եթե Բեռլինում հիմա առատ տեղումներ լինեն, ապա, հավանաբար, 3-4 օր հետո մենք նույնպիսի իրավիճակ կունենանք, ինչպիսին է մյուս տուժած կետերում»,- ասել է Բեռլինի շրջակա միջավայրի դեպարտամենտի աշխատակից, էկոլոգիայի ոլորտի փորձագետ Դերկ Էլերտը:




























